top

ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ 2011Թ. ՃԱՊՈՆԻԱՅԻ ՑՈՒՆԱՄԻԻ ԶՈՀԵՐԻ

11.03.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ 2011Թ. ՃԱՊՈՆԻԱՅԻ ՑՈՒՆԱՄԻԻ ԶՈՀԵՐԻ
Մարտի 11-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին Սպիտակում էին: Համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի ուղեկցությամբ նրանք նախ եղան Սուրբ Հարություն եկեղեցում, որից հետո Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ԱԺ պատգամավորի թեկնածու Արկադի Համբարձումյանի, համայնքապետարանի, քաղաքի հիմնարկների ու կազմակերպությունների աշխատակիցների, հարյուրավոր սպիտակցիների հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին 2011թ. Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակին` ծաղկեպսակներ դնելով և ծաղիկներ խոնարհելով Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարին: Պսակադրության արարողությունից հետո Սպիտակի Սբ. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը կատարեց հոգեհանգստի կարգ: Ներկաներն աղոթք հղեցին առ Աստված ննջեցյալների հոգիների համար: Ներկաները հարգեցին նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Է. Տագուչին, շնորհակալություն հայտնելով ՀՀ Կառավարությանը և հայ ժողովրդին 2011թ. Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար, նշեց որ Ճապոնիայի ժողովուրդը, իսկապես, զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից և բարձր է գնահատում Սպիտակում խաչքարի տեղադրումը:
- Շնորհակալություն եմ հայտնում Սպիտակի քաղաքապետին և քաղաքի բնակչությանը՝ ամեն տարի հարգանքի տուրքի մատուցման արարողությանը մասնակցելու համար: 1988թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր Ճապոնիան աղետների կանխարգելման միջոցառումների շրջանակում բազմաբնույթ համագործակցություն է ցուցաբերել: Այս առիթով ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանին և իր անձնակազմին՝ աջակցության և համագործակցության համար.- ասաց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Հիշեցնենք, որ 2011թ. մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:46-ին Խաղաղ օվկիանոսում` Տոկիոյից 231 կմ հյուսիս-արևելք, տեղի ունեցավ 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Մասնագետների կարծիքով` այդ երկրաշարժը հզորությամբ աշխարհում հինգերորդն էր (1900թ. ի վեր) և հզորագույնը Ճապոնիայում երբևէ տեղի ունեցածներից: Երկրաշարժից հետո մեկ ժամվա ընթացքում ցունամիի հսկայական ալիքները ողողում էին Ճապոնիայի ափերը` իրենց ճանապարհին սրբելով պատահած ամեն ինչ` մեքենաներ, մոտորանավեր ու գնացքներ, քանդելով շինությունները, ճանապարհներն ու կամուրջները: Երկրաշարժը դարձավ նաև «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում վթարի պատճառ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր-հազարավորները մնացին անապաստան:



Տեսանյութ




Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×