top

ՍՊԻՏԱԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ ԿՆՎԱԶԵՆ

24.03.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՇՈՒՏՈՎ ԿՆՎԱԶԵՆ
Լոռու մարզի Սպիտակ քաղաքի չորս բազմաբնակարան շենքերում առաջիկայում հնարավոր կլինի ապահովել մինչև 20% էներգախնայողություն: Որպես Քաղաքապետերի դաշնագրի անդամ՝ Սպիտակն իր վրա պարտավորություն է վերցրել մինչև 2020թ. ածխաթթու գազի արտանետումները նվազեցնել 20%-ով: Այդ նպատակին հասնելու համար կարևորվում է մաքուր, անվտանգ և վերականգնվող էներգիայի կիրառումը:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ, ինչպես նաև Սպիտակի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակում Սպիտակի 4 բազմաբնակարան շենքերում ներկայում կատարվում են էներգախնայողությանն ուղղված շինարարական աշխատանքներ: Նախատեսվում է այդ շենքերի տանիքների վերանորոգում և ձեղնահարկի հատակի ջերմամեկուսացում, գլխավոր մուտքերի փայտե դռների վերանորոգում, շենքերի ետնամուտքի ոչ պիտանի փայտե դռների փոխում մետաղապլաստե դռներով, ինչպես նաև գլխավոր մուտքերում նոր մետաղապլաստե դռների տեղադրում:

ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանի խոսքով՝ առաջին փուլի շենքերի շինարարական աշխատանքներն ըստ ժամանակացույցի կավարտվեն մինչև ընթացիկ տարվա մայիսի 10-ը: Ըստ նրա՝ մյուս ձմռանը բնակիչներն արդեն իսկ կզգան էներգախնայողության ազգեցությունը՝ ավելի քիչ վճարելով բնակարանների ջեռուցման համար:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ իրականացնել Սպիտակի 27 բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև քաղաքի թիվ 2 մանկապարտեզում՝ փոխելով բոլոր լուսատուները էներգախնայող լամպերով և խոհանոցում ու սանհանգույցներում տեղադրելով նոր արդյունավետ ջրատաքացուցիչներ:

Սպիտակի բազմաբնակարան շենքերը հիմնականում կառուցվել են 1988 թ-ի երկրաշարժից հետո, սակայն էներգախնայողության նորմերը հաշվի չեն առնվել: Սպիտակի քաղաքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Կարեն Հայրապետյանի խոսքով՝ քաղաքում բազմաբնակարան շենքերի հիմնական խնդիրը տանիքների, շքամուտքերի, ջրհորդանների անմխիթար վիճակն է: Ըստ նրա՝ Հաբիթաթ Արմենիայի կողմից իրականացվող ծրագիրը կնպաստի այդ խնդիրների լուծմանը նշված 27 շենքերում:

Սպիտակի բնակիչները ևս ոգևորված են ծրագրի իրականացմամբ և իրենց կենսապայմաններում դրական տեղաշարժի ակնկալիքներ ունեն: Թիրախային շենքերից մեկի 1-ին հարկի բնակիչ Արթուր Հայրապետյանն, օրինակ, անհամբերությամբ սպասում է մուտքի դռների տեղադրմանը՝ հուսալով, որ իրենց բնակարանում ավելի տաք կլինի և ստիպված չեն լինի ամբողջ ընտանիքով ձռմանը մեկ սենյակում հավաքվել՝ առավել քիչ կոմունալ վճարներ ունենալու համար:

4-րդ հարկի բնակիչ Սիրանուշ Գրիգորյանի խոսքով՝ թեև բնակարանը նոր են վերանորոգել, անբարեկարգ տանիքն անձրևների ու ձյան հալոցքի ժամանակ խնդիրներ է առաջացնում: Նա հույս ունի, որ ծրագրի շրջանակում տանիքների վերանորոգումից հետո իրենց բնակարանում կվերանա ջրի ներհոսքը և ավելի տաք ու հարմարավետ կլինի:

ՎԱԷՀՔ ծրագրի մասին

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն Եվրոպական միության Քաղաքապետերի դաշնագրի ներքո իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների:
Ծրագրի շրջանակում էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ են իրականացվելու Սպիտակի 27 և Վայքի 18 բազմաբնակարան շենքերում:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասին

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն (Հաբիթաթ Արմենիա) «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրասենյակն է Հայաստանում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա պատշաճ տուն։
2000 թվականից ի վեր Հաբիթաթ Արմենիայի ջանքերի շնորհիվ ավելի քան 5,200 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ նոր հույս են գտել մատչելի բնակարանների տեսքով և շուրջ 6,500 բնակիչներ ստացել են բնակարանային ոլորտի աջակից ծառայություններ:
Վերջին տարիներին Հաբիթաթ Արմենիան մեծացրել է իր դերը բնակարանային պայմանների բարելավման գործում՝ նպաստելով երկրում էներգախնայողության բարեփոխումների իրականացմանը։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.habitat.am կայք:

Եվրոպական միության մասին

Եվրոպական միությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրոպական միությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքներն իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

Եվրահանձնաժողովը ԵՄ գործադիր մարմինն է:


Կոնտակտային անձ

Հասմիկ Փայտյան
ՎԱԷՀՔ ծրագրի օգնական,
հաղորդակցության հարցերով համակարգող
Բջջ.՝ (+374)55 106-209
Էլ. փոստի հասցե՝ hpaytyan@habitat.am



Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×