top

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՅԻՍԸ

09.05.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՅԻՍԸ
Այսօր՝ 2017թ․ մայիսի 9-ին մենք նշում ենք Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 72, Շուշիի ազատագրման 25 ամյակները։
72 տարի առաջ այս օրը` մայիսի 9-ին Լևիտանն իր անկրկնելի ձայնով հայտնեց, որ պատերազմը հաղթական ավարտ է ունեցել: Խորհրդային Միության, Խորհրդային Հայաստանի քաղաքացիների ուրախությունն անսահման էր: Դա Խորհրդային ազգերի միասնական հաղթանակն էր, որում իր մեծ ներդրումն ուներ նաև հայ ժողովուրդը: Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել են 600 հազար հայորդիներ: Հայ ազգը հայրենիքին տվել է 4 մարշալ`Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և մեկ ծովակալ` Իսակով: 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման է արժանացել օդաչու Նելսոն Ստեփանյանը: Հայ մարտիկներն աչքի են ընկել հատկապես Բրեստի ամրոցի և Սևաստոպոլի, Մոսկվայի և Լենինգրադի մատույցներում տեղի ունեցած ռազմական գործողություններում: Հայերը մարտնչել են Ստալինգրադում, Կուրսկում, հերոսաբար պաշտպանել են Հյուսիսային Կովկասը:
Ցավոք տարեցտարի պակասում են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների շարքերը և այսօր վետերաններից քչերն են մեր կողքին...
1992-ի մայիսյան այս օրերին, Շուշիի ազատագրմամբ, մեզ պարտադրված պատերազմում ապացուցեցինք․ որ պատրաստ ենք ցանկացած պահի նաև զենքով պաշտպանելու մեր արժեքները, մեր ժողովրդի ազատության, անկախության և խաղաղ կյանքի իրավունքը։
Շուշիի հաղթանակը հայոց վերածննդի սկիզբն է, սեփական ուժերին հավատալու և հզոր Հայաստան ստեղծելու ճանապարհին կարևորագույն ռազմավարական և հոգեբանական հաղթանակ։ Հավերժ փա՛ռք հանուն ազգի նահատակված նվիրյալներին, նաև մարտնչած ու դեռ կյանքով լեցուն հայորդիներին։
Ինչպես ամեն տարի մայիսի 9-ին, այս տարի ևս քաղաքի <<Հաղթանակ>> զբոսայգին մարդաշատ էր: Համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի գլխավորությամբ Սպիտակի և տարածաշրջանի Հայրենական մեծ պատերազմի, զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների խորհրդի նախագահ Ալիկ Սարգսյանը, Սպիտակի տարածքային զինվորական կոմիսար Ահարոն Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք, համայնքապետարանի, համայնաքային ոչ առևտրային կազմակերպությունների, դպրոցների տնօրեններն ու աշխատակիցները, վետերաններն ու ներկաները նախ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին ՀՄ և Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակի հուշարձանին, ապա մասնակցեցին տոնական միջոցառմանը:
Միջոցառմանը օրհնության խոսքով հանդես եկավ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը: Ելույթ ունեցան նաև Գագիկ Սահակյանը, Ալիկ Սարգսյանը: Նրանք շնորհավորեցին բոլորին մայիսյան փառահեղ հաղթանակների առթիվ, բոլոր վետերաններին ցանկացան երկար ու առողջ տարիների կյանք:
Երաժշտական համարներով հանդես եկան Սպիտակի մշակույթի տան երգի ստուդիայի սան Վահագն Պողոսյանը և <<Վերածնունդ>> պարային համույթը: Համայնքի ղեկավարը Սպիտակի Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոցի զինղեկ, Սպիտակի <<Պատանի երկրապահ>>-ի վաշտի հրամանատար Վոլոդյա Հարությունյանին և Սպիտակի <<Երիտասարդ երկրապահ>> ակումբի նախագահ Վիլյամ Մինասյանին շնորհակալագրեր հանձնեց մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության և համաքաղաքային միջոցառումներին ակտիվ մասնակցության համար:
Ցավոք, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով միջոցառումը հնարավոր չեղավ մինչև վերջ ավարտին հասցնել:



×