top

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՍՊԻՏԱԿԻ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

14.06.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՍՊԻՏԱԿԻ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հունիսի 13-ին Սպիտակ էին այցելել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency, JICA) նախագահ Շինիչի Կիտաoկան՝ 1988թ. Սպիտակի երկրաշարժի և 2011թ. Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի մոտ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելու: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք, համայնքապետարանի, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, դպրոցների տնօրեններ ու աշխատակիցներ, բազմաթիվ սպիտակցիներ: Միջոցառումը խորհրդանշում էր հայ-ճապոնական բարեկամությունը և երկարատև գործընկերությունը:
ՀՀ ԱԻ նախարարությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency, JICA) հետ համագործակցում է 2007 թվականից՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստում են մեր երկրում աղետների ռիսկի նվազեցմանը:
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը երախտագիտություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ ցուցաբերված աջակցության համար և նշեց.
- Սպիտակյան երկրաշարժի օրերին աղետյալ Հայաստանին փրկության ձեռք մեկնեցին բազում երկրներ: Հիրավի, մարդասիրությունը սահման չի ճանաչում, և հիմա հայ փրկարարներն են պատրաստ` օգնության հասնելու այլ երկրների: Հաշվի առնելով Ճապոնիայի մեծ փորձը և ձեռքբերումներն աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում, ինչպես նաև կարևորելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ գործակցության արդյունքում Հայաստանի ակնառու հաջողությունները՝ այսօր մենք հավաստում ենք, որ պատրաստ ենք ընդլայնելու այդ համագործակցությունը:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաoկան իր ելույթում նշեց, որ մեծապես տպավորված է այն փաստով, որ իր հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու երկրում հայերը հարգանքի տուրք են մատուցում Ճապոնիայում տեղի ունեցած աղետի զոհերի հիշատակին.
- Սա իմ առաջին այցն է Հայաստան: Այսօր գտնվելով մի վայրում, որն ահռելի վնաս է կրել ավերիչ երկրաշարժից, ես պատկերացնում եմ ձեր կրած կորուստը և ցանկանում շնորհակալություն հայտնել 2011թ. երկրաշարժից և ցունամիից հետո Հայաստանից ստացված նվիրատվությունների և փրկարարական թիմ ուղարկելու առաջարկության համար: Ցանկանում եմ, որպեսզի մեր երկրների համագործակցությունն ավելի ամրապնդվի և ավելի շատ հնարավորություններ ստեղծվեն մեր ժողովուրդների շփման համար:
Սպիտակի երկրաշարժից հետո ճապոնական գործակալությունը 31-հոգանոց փրկարարական թիմ և մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան, որը եղել է համագործակցության առաջին քայլը:
2010 թ. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻ նախարարությանը նվիրել է 28 միանգամայն նոր ու ժամանակակից հրշեջ մեքենա, իրականացվել է ՀՀ-ում սեյսմիկ ռիսկի գնահատում: 2016թ. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻ նախարարությանն է տրամադրել նաև “Միթսուբիշի” մակնիշի 6 նոր ավտոմեքենա, որոնք արտակարգ իրավիճակներում ծառայում են որպես շարժական կառավարման և հոգեբանական օգնության ցուցաբերման կետեր:
Ներկայումս ընթացքի մեջ է սողանքային աղետի կառավարման եռամյա ծրագիրը և դիտարկվում է առաջիկայում Հայաստանին ևս 39 նոր հրշեջ մեքենա և ավտոսանդուղք տրամադրելու հարցը:
Նախարարը և մարզի ղեկավարը Գագիկ Սահակյանի ուղեկցությամբ եղան նաև Սպիտակի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ Դ. Տոնոյանը ծանոթացավ կենտրոնի գործունեությանը: Նախարարին տեղեկացվեց, որ սեպտեմբերին կենտրոնի գործունեության ֆինանսավորումը դադարեցվում է դրամաշնորհային ծրագրի ավարտի պատճառով: Դ. Տոնոյանը խոստացավ հնարավորության դեպքում աջակցել կենտրոնի ֆինանսավորումը որևէ դրամաշնորհային ծրագրով շարունակելու հարցում:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×