top

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ «ՄԵՂՈՒ 2016», «ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՈՒԿ 2016» և «ԿԵՆԳՈՒՐՈՒ 2017» ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

14.06.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ «ՄԵՂՈՒ 2016», «ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՈՒԿ 2016» և «ԿԵՆԳՈՒՐՈՒ 2017» ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հունիսի 12-ին Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում «Կենգուրու 2017» մրցույթի մրցանակաբաշխության հետ միաժամանակ տեղի ունեցան նաև «Մեղու 2016» և «Ռուսական արջուկ 2016» մրցույթների մրցանակաբաշխությունները: Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էին Սպիտակ քաղաքի և տարածաշրջանի համայնքների դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, մրցանակների արժանացած աշակերտներ և ծնողներ:
«Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Աննա Մխիթարյանը փաստեց, որ «Կենգուրուն» մեծ ոգևորություն առաջացրեց ու շատ արագ վերածվեց ոչ միայն ամենասիրված մրցույթի, այլև իսկական մանկական մաթեմատիկական շարժման: Հայաստանում և Արցախում, «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով, «Կենգուրուի» շարքերը տարեցտարի համալրում են նոր հայ դպրոցականներ, ովքեր մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ իրենց ուժերը փորձում են աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մաթեմատիկական մրցույթում: Հայաստանում արդեն իններորդ, իսկ Արցախում յոթերորդ անգամ մեծ հաջողությամբ անցկացված «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին այս տարի մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի 939 և Արցախի 85 դպրոցների և 3-12-րդ դասարանների 40467 աշակերտներ, Լոռու մարզից՝ 109 դպրոցների 3591 աշակերտ, իսկ Սպիտակ քաղաքից՝ 7 դպրոցների 225 աշակերտներ, որոնցից 4-ը հատուկ մրցանակակիրներ են, 6-ը՝ լավագույն մրցանակակիրներ:
- «Ռուսական արջուկը» օգնում է ռուսաց լեզվի տարածմանը Հայաստանում և նպաստում է երեխաների լեզվամտածողության զարգացմանն ու հղկմանը և աշակերտների շրջանում առաջացնում ցանկություն՝ ուսումնասիրելու նոր օտար լեզուներ՝ զուգահեռաբար խորացնելով մայրենիի գիտելիքները: Մրցույթի գլխավոր նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցույց տալով ռուսաց լեզվի ողջ հմայքն ու հարստությունը: «Ռուսական արջուկ 2016» մրցույթին մասնակցել են 2-12-րդ դասարանների 8183 աշակերտ՝ հանրապետության քաղաքային 300 և Ստեփանակերտի 13 դպրոցներից: Լոռու մարզից մասնակցել են 35 դպրոցների 834 աշակերտներ, Սպիտակ քաղաքի 4 դպրոցներից մասնակցել են 38 աշակերտներ, որոնցից 4 մասնակից արժանացել են հատուկ մրցանակների:
- «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում և Արցախում արդեն երրորդ անգամ անցկացված «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի նպատակն է հետաքրքիր ու գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնել աշակերտների համար: Մրցույթին այս տարի մասնակցել են Հայաստանի և Արցախի 945 դպրոցների 3-12 դասարանների 36803 աշակերտ, Լոռու մարզի 102 դպրոցներից մասնակցել են 3346 աշակերտներ. Սպիտակ քաղաքի 6 դպրոցներից՝ 198 աշակերտ, որոնցից 6-ը արժանացել են հատուկ մրցանակների: Ինչպես միշտ, բոլոր մասնակից դպրոցներն ու աշակերտները ստացան մասնակցության հավաստագրեր, լավագույն արդյունք ցույց տված երեխաները արժանացան պատվոգրերի ու խրախուսական մրցանակների: Շնորհավորում ենք «Ռուսական արջուկ 2016», «Մեղու 2016» և «Կենգուրու 2017»-ի մրցանակակիրներին՝ մաղթելով բազում հաջողություններ իրենց ուսման հետագա տարիների ընթացքում:

Սպիտակի համայնքապետարան
nazchob@yahoo.com


Լուսանկարներ

Լուրեր

×