top

ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

04.08.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Երեկ՝ 2017թ. օգոստոսի 3-ին Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն իր աշխատասենյակում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլինի խորհրդարանի պատգամավոր, սպորտային հանձնաժողովի նախագահ, տնտեսական հանձնաժողովի անդամ Ֆրանկ Շերմեսերին, խորհրդատու Ռիչարդ Գրեցինգերին: Նրանց ուղեկցում էին մեր համաքաղաքացի, գերմանաբնակ Արթուր Բոստանչյանը և Մկրտիչ Ավետիսյանը:
Այցի նպատակը Սպիտակ քաղաքին, քաղաքի խնդիրներին ծանոթանալն ու հետագայում համայնքի հետ համագործակցելու եզրեր գտնելն էր:
Ծավալված գործնական զրույցի ընթացքում Գագիկ Սահակյանը հյուրերին ներկայացրեց նախա և հետերկրաշարժյան Սպիտակի տարեգրությունը, խոսեց քաղաքում կատարված և կատարվելիք աշխատանքների մասին: Նա հյուրերին ասաց, որ Սպիտակում հնարավոր է ներդնել ջերմոցային տնտեսություն, կառուցել արևային էներգիայով օգտագործվող էլեկտրակայաններ, զարգացնել գյուղատնտեսական ձեռնարկություններ: Գ. Սահակյանն ընդգծեց, որ Սպիտակում ներկայումս աշխատում են Սպիտակի թռչնաֆաբրիկան, Ագրոհոլդինգ անասնապահական համալիրը, միաժամանակ նշեց, որ կարելի է նաև Եվրոպայից բարձր արտադրողականությամբ կենդանիներ ներմուծել: Համայնքի կարիքների մեջ նա նշեց գյուղատնտեսական տեխնիկան:
Գագիկ Սահակյանն ասաց, որ համայնքի խնդիրները լուծելու նպատակով համայնքը համագործակցում է նաև Եվրոմիության հետ, ապա խոսեց Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող “Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում” (ՎԱԷՀՔ) ծրագրի մասին:
Քննարկվեցին հետագա համագործակցության շրջանակներում հնարավոր անելիքները: Գերմանական կողմը խոստացավ ընտրել Սպիտակի տարածաշրջանին բնույթով մոտ տարածաշրջան, որի շնորհիվ ուղղակի կապեր կհաստատվեն Սպիտակի և Գերմանիայի ընտրված տարածաշրջանի ՏԻՄ մարմիննների և գործարարների միջև, կստեղծվի տնտեսական հարթակ, կզարգանան տնտեսությունների ճյուղերը:
Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալական խոսքեր ասացին ջերմ ընդունելության համար և հետագա համագործակցության ակնկալիքով կողմերը հրաժեշտ տվեցին միմյանց:



×