top

21.05.2018


Հարգելի պարոն վարչապետ

Այս տարի դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը, սակայն համայնքում դեռևս լուծված չէ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների խնդիրը: Ներկայումս համայնքում հաշվառված է երկրաշարժի հետևանքով անհատական բնակելի տուն կորցրած , բնակարանային փոխահատուցում չստացած ավելի քան 430 ընտանիք, ովքեր շարունակում են ապրել կենցաղային պայմաններից զուրկ, շահագործման համար ոչ պիտանի վագոն տնակներում, կամ ինքնաշեն ժամանակավոր կացարաններում: Վերը նշված անօթևան ընտանիքների թիվը ճշգրտման ենթակա է, սակայն ճշգրտման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ, տարբեր տարիների ընթացքում այդպիսի աշխատանքներ պարբերաբար կատարվել են, բնակիչներից հավաքագրվել են փաստաթղթեր՝ այդ թվում նաև ֆինանսական ծախսեր պահանջող, որոնք արդեն արդիական չեն և այդ փաստաթղթերի հիման վրա կազմված գործերին մինչ օրս ընթացք չի տրվել՝ ծրագիր չլինելու պատճառով: Ներկայումս բնակիչները հուսահատված ու հիասթափված են և առանց համապատասխան ծրագրի առկայության նման աշխատանքներ իրականացնելը նրանց շրջանում դժգոհության առիթ կտա: Ծրագիր նախատեսվելու և փոխհատուցման համապատասխան չափորոշիչները, դրանց համապատասխան փաստաթղթերի ցանկ սահմանելուց հետո, համայնքապետարանը շատ արագ կկազմակերպի այդ աշխատանքները:
ՀՀ Կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի նիստի թիվ 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի դրույթների համաձայն` ծրագրի շրջանակներում առաջնահերթության կարգով գրեթե լուծվել են / դատական կարգով վերականգնված մի քանի գործերով դեռևս կա պետական պարտավորություն/ աղետի գոտու քաղաքային բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող բազմաբնակարան բնակարանային ֆոնդում բնակարան կորցրած, սահմանված կարգով հաշվառված այն ընտանիքների բնակարանային խնդիրները, որոնք նախորդ տարիներին իրականացված աղետի գոտու վերականգնման ծրագրերի շրջանակներում չեն ստացել բնակարան, իսկ քաղաքային բնակավայրերում անհատական բնակելի տուն կորցրած ու չփոխհատուցված, անօթևան ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ դեռևս չեն ձեռնարկվել:
Նկատի ունենալով, որ վերը նշված ծրագրի շրջանակներում աղետի գոտու գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տներ կորցրած ու բնակարանային փոխհատուցում չստացած բնակիչների համար պետական աջակցությամբ կառուցվել են բնակելի տներ , հաշվի առնելով, որ աղետի գոտու քաղաքների համար խիստ կարևոր է մինչ օրս երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակիչների բնակապահովման խնդիրը, քաջ գիտակցելով, որ ծրագիրն իրականացնելու համար կան լուրջ ֆինանսական խնդիրներ, հավատալով նոր ձևավորված կառավարության կուտակված խնդիրներին լուծում տալու պատրաստակամությանը, խնդրում եմ քննարկել աղետի գոտու քաղաքային համայնքների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը և 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի տարելիցին ընդառաջ, հնարավորության դեպքում, առաջիկայում խորհրդարան ներկայացվող կառավարության ծրագրում անդրադառնալ այդ խնդրին:
Բացի այդ Սպիտակ քաղաքում առկա են տնակային ավաններ (Իտալական` 207 տնակ, Գերմանական` 70 տնակ, հրդեհավտանգ փայտաշեն հանրակացարաններ 32 և 16 կացարաններով), որոնք նույնպես բնակության համար դարձել են ոչ միայն ոչ պիտանի, այլ նաև խիստ վտանգավոր: Այդ կացարաններում բնակվում են տրոհված, սոցիալապես խիստ կարիքավոր ընտանիքներ ովքեր, հատկապես համայնքում առկա մեծ չափով գործազրկությանը, հնարավորություն չունեն սեփական միջոցներով լուծելու բնակապահովման խնդիր :
Հաշվի առնելով, որ նշված տնակային ավանների տարածքներն ապահովված են ինժեներական ենթակառուցվածքներով, նպատակահարմար է այդ տնակներն ապամոնտաժել, դրանց տեղերում կառուցել բնակելի նշանակության շինություններ:
Ելնելով վերը նշվածից, խիստ կարևորելով բնակիչների անվատագությունն ու առողջությունը, խնդրում եմ Սպիտակ համայնքում տնակային ավաններում բնակվող ընտանիքների բնակապաովման խնդրի լուծմանն ընթացք տալ սոցիալական բնակարաններ կառուցելու միջոցով և այդ ծրագիրը նույնպես ընդգրկել կառավարության առաջիկա ծրագրում:

Կանխավ շնորհակալություն:


×