top

“ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ” ՀՈԱԿ-Ի 2018Թ-Ի ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

19.02.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>“ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ” ՀՈԱԿ-Ի 2018Թ-Ի ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Տարեվերջը կատարած աշխատանքներն ամփոփելու և գնահատելու, հանձնառության ու պարտավորությունների իրականացումը նշանավորելու և գնահատելու ժամանակահատված է:
2018թ. “Սպիտակի քաղաքային գրադարան” ՀՈԱԿ-ի համար հետաքրքիր, հագեցած աշխատանքային տարի էր, նաև ծանրաբեռնված` վերանորոգման պատճառով:
Ամփոփենք վերլուծելով, թե արդյոք գրադարանը կատարել է այնպիսի աշխատանք, որով նպաստել է գրադարանի առջև դրված խնդիրների լուծմանը կամ դրանց իրականացման ճանապարհին կազմակերպվել է այնպիսի աշխատանքներ, որոնցով բավարարվել է ընթերցողների տեղեկատվական, մշակութային և ազատ ժամանցի պահանջարկը, արձագանքվել է սոցիալական և տեղական պահանջմունքների փոփոխություններին, թե ոչ: Քաղաքում գործում է ընդամենը 1 գրադարան` “Սպիտակի քաղաքային գրադարան” ՀՈԱԿ-ը, որի առաքելությունը ազգաբնակչությանը, այդ թվում դպրոցականներին, ինչպես նաև ամառային հանգիստը Սպիտակում անցկացնող մարդկանց սպասարկումն է: Հանրային բնույթի գրադարան է, և ինչպես բոլոր տարիներին, այնպես էլ 2018 թվականին նպատակ է ունեցել բավարարել ընթերցողների պահանջները և ավելի շատ ընթերցողների ներգրավել գրադարան: Սպասարկել ենք ինչպես քաղաքի, այնպես էլ հարևան Արևաշող, Լեռնանցք, Ջրաշեն, Սարամեջ, Շենավան գյուղական համայնքներից` հիմնականում ուսանողների` ըստ պահանջի և դպրոցականների:
Գրադարանը աշխատում է աշխատանքային տարեկան ծրագրով, հաստատված բյուջեով, ունի 5-ամյա զարգացման ծրագիր, հաստատված գնումների պլան: Գրադարանը իր կառուցվածքում ունի նաև թանգարանային բաժին, որը որպես այդպիսին` եզակի է, որքան տիրապետում եմ տեղեկատվությանը, ողջ Հայաստանի տարածքում: Ասել կուզեմ, որ գրադարանը նաև նպատակ ունի տարածքում զարգացնել զբոսաշրջությունը, նպաստել մշակութային ժառանգության հանրահռչակմանը:
2018 թվականին գրադարանում իրականացվել է վերանորոգման աշխատանքներ` ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի և Սպիտակի համայնքապետարանի միջոցներով:
Հիմնովին վերանորոգվել է գրադարանին հատկացված տարածքը, ամբողջովին փոխվել է լուսավորության համակարգը, տեղադրվել է օդափոխության համակարգ, անց է կացվել նաև ջեռուցման նոր համակարգ, որը սակայն 2018թ. չի գործել գազաֆիկացման պատճառով:
Վերանորոգման արդյունքում ունենք ավելի հմայիչ գրադարան /լուսավոր, գունառատ, գրավիչ/, որն անշուշտ նպաստում է ընթերցողների թվի աճին և հաճախելիությանը` ընթերցասրահում հաճախ կտեսնեք դպրոցականների, ուսուցիչների, թոշակառուների, որոնք կարդում են, ինչու չէ` նաև բանավիճում, զրուցում առանձին հարցերի շուրջ:
Գրադարանի վերանորոգման և օդափոխության համակարգի տեղադրման արդյունքում զգալիորեն բարելավվել է գրականության պահպանության խնդիրը, որը գնահատվում է նաև ընթերցողների կողմից:
“Սպիտակի քաղաքային գրադարան” ՀՈԱԿ-ի գրքային հավաքածուն 01.01.2019թ. դրությամբ կազմում է 29 644 օրինակ, որից հայերեն լեզվով 18 498 օրինակ, ռուսերեն լեզվով 9032 օրինակ, անգլերեն լեզվով 1882 օրինակ, այլ լեզուներով 232 օրինակ և 13 օրինակ տեսա-լսողական նյութեր, լրակազմ` 210 օրինակ, 115 անուն ամսագրեր:
Գրադարանի լինելիությունը պայմանավորված է առաջին հերթին գրքային ֆոնդի առկայությամբ, իսկ գրավչությունը` հավաքածուի թարմացմամբ:
2018թ. գրադարանը համալրվել է 188 օրինակ գրականությամբ, ֆոնդից` մաշվածության պատճառով դուրս է գրվել 38 օրինակ:
Հիմնական համալրման աղբյուրը նվիրատվություններն են ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների կողմից:
2018թ. գրքեր են նվիրել գրողներ` Արմինե Մինասյանը, Արարատ Ղուկասյանը, պատմաբան Գևորգ Յազըճյանը, գրականագետ Մարգարիտա Խաչատրյանը, մանկավարժ Վերգինե Բունիաթյանը, ուսանողներ, դպրոցականներ, Լոռու մարզային հանրապետական գրադարանը, Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանը, գրադարանի աշխատակիցներ, Լեռնային Ղարաբաղից և այլն:
Սպիտակի համայնքի բյուջեից թերթերի և ամսագրերի բաժանորդագրության համար հատկացվել է 210 000 ՀՀ դրամ:
Բաժանորդագրությունը կազմակերպվել է հաշվի առնելով ընթերցողների պահանջները. գրական-գեղարվեստական, գիտահանրամատչելի, ինֆորմացիոն և այլ բնույթի հայերեն և ռուսերեն լեզուներով թերթեր ու ամսագրեր, որոնց հաշվառումը կատարվել է ըստ կարգի: Մեր շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր գիտակցում և կարևորում են գրադարանների դերը և իրենց նվիրատվություններով աջակցում են մեզ համալրման աշխատանքները կազմակերպելուն, որից և կախված է ընթերցողների լավ սպասարկումը, նրանց պահանջները ժամանակին և ճիշտ բավարարելու համար:
Գրադարանային հավաքածուում ընդգրկված գրադարանային բոլոր փաստաթղթերը հաշվառված են գրադարանի գլխավոր մատյանում, որը վարվում է ըստ գործող կարգի և պարունակում է տվյալներ գրադարանային հավաքածուի մասին:
Յուրաքանչյուր ստորաբաժանման համար ստեղծված են առանձին գործեր, որոնցում արտացոլված է գրքային ֆոնդի կազմը: Ունենք ինչպես համահավաք, այնպես էլ կարգային և այբբենական գրացուցակներ:
“Լուսարձակ” թերթի էլեկտրոնային տարբերակի կազմակերպման աշխատանքները մոտենում են ավարտին:
Նվիրատվությունների շնորհիվ թանգարանային բաժնի ցուցանմուշների թիվը ավելացել է 5 միավորով և կազմում է 205 օրինակ:
Ավանդույթ են գրքի նվիրատվության ակցիաները, “Գրադարանի բարեկամներ” ամենամյա հավաքը և յուրաքանչյուր տարի փետրվարի 19-ին անցկացվող գրքի նվիրատվության օրը:
“Սպիտակի քաղաքային գրադարան” ՀՈԱԿ-ի ընթերցողների թիվը 2018թ.-ին` կազմել է 2301 , գրքատացքը 35 497, հաճախումների թիվը 22 918:
Միջին ընթերցանությունը 01.01.2019թ. դրությամբ կազմում է 12.8%, միջին հաճախումը 9.9%, միջին շրջանառությունը 1.1 %, գրքապահովածությունը 12.0% :
Թանգարանային բաժնի այցելուների թիվը կազմել է 2018թ.-ին `2979:
Ընթերցողների սպասարկումը կազմակերպվում է շերտավորված ձևով` ըստ առանձին ընթերցողական խմբերի` ուսանողներ, ծառայողներ, գործազուրկներ և երեխաների հետևյալ թիրախային խմբեր` մանուկներ և նախադպրոցական տարիք, կրտսեր դպրոցականներ, ավագ դպրոցականներ, պատանիներ և ծնողներ:
Հատուկ սպասարկման ձևեր է օգտագործվում սայլակավոր հաշմանդամների համար /տնային այցելություններ, գրքատարություն/: Սպասարկում ենք 4 սայլակավոր հաշմանդամի, 12 այլ խնդիրներ ունեցող մանկուց հաշմանդամների:
Ըստ պահանջի` տրամադրվում են գրադարանի տեղեկատու-մատենագիտական հրատարակությունները: Ընթերցողներն օգտվում են այբբենական և կարգային գրացուցակներից, համացանցից, ինչպես նաև` մատենագիտական տեղեկանքների ֆոնդից /արխիվ/: 2018թ. տրվել է 21 մատենագիտական տեղեկանք:
Նոր գրքերի ստացումների մասին պարբերաբար տեղեկատվություն է տրվում կազմակերպվող “Նոր գրքեր” ցուցահանդեսի և կազմված “Նոր գրքեր” մատենագիտական ցանկի միջոցով:
Պատշաճ ձևով հաշվառվում է մերժումների քանակը և դրա հիման վրա կազմակերպվում համալրման աշխատանքները:
Ընթերցողներին տրվում է նաև թեմատիկ-ինֆորմացիոն թերթիկներ` ըստ պահանջի:
Հատկապես շատ է հանրագիտարաններից օգտվողների թիվը:
Ընթերցողների սպասարկումը կազմակերպվում է և° աբոնեմենտում և° ընթերցասրահում /2018թ. ընթերցասրահի ընթերցողների թիվը 246 է/:
Ծառայություններ են մատուցվում նաև ընթերցանությունը ղեկավարողներին /մանկավարժներ, դաստիրակներ/:
Տարիներ շարունակ գրադարանը համագործակցում է քաղաքի բոլոր կրթօջախների հետ` դպրոցների, նախադպրոցական հաստատությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ` “Սպիտակի Հելսինկյան խումբ” իրավապաշտպան հասարակական կազմակերպություն, “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ Սպիտակի մասնաճյուղ, “Հայկական գրադարանային ասոցիացիայի”, քաղաքի այլ մշակութային կազմակերպությունների հետ, ՀՀ պատմության թանգարանի, Շիրակի երկրագիտական թանգարանի հետ, տարբեր հրատարակչությունների հետ:
Համագործակցում ենք նաև Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի և Սպիտակի տարեցների խնամքի կենտրոնի հետ:
Գրադարանից օգտվողներին ծառայություններ են մատուցվում նաև հեռախոսակապով և համացանցով:
Գրադարանի թանգարանային բաժնում հաճախակի է կազմակերպվում “Սպիտակի գեղարվեստի դպրոց” ՀՈԱԿ-ի սաների աշխատանքների ցուցադրություն, 2018թ.-ին կազմակերպվել է այդպիսի 2 ցուցադրություն:
Համագործակցում ենք նաև Սպիտակի երգի դպրոցի հետ /ղեկավար աշուղ Սահանուշ/:
2018թ.-ին գրադարանը սպասարկել է 2031 ընթերցողի, թանգարանային բաժինը ունեցել է 2979 այցելու: Ընթերցողների հետ տարվող աշխատանքները կազմակերպելիս հենվում ենք ընթերցողական ակտիվի վրա, որի անդամները տարբեր տարիքի և սեռի մարդիկ են, որոնք հաճախ օգնում են նաև մեզ միջոցառում կազմակերպելիս, ներգրավվում են նոր ընթերցողի, ակտիվացնում պասիվ ընթերցողներին:
2018թ.-ին ամենաակտիվ ընթերցողներն են եղել Ալիսա Բադալյանը` Լեռնանցք գյուղական համայնքի աշակերտուհի, ով տարվա ընթացքում կարդացել է 30 գիրք, Այվազյան Զեփյուռը` չաշխատող, ով կարդացել է 41 գիրք, 4-րդ դասարանի աշակերտ Լեո Լամբարյանը, ով կարդացել է 21 գիրք և գրադարանի “Գրական խմբակ”-ի ակտիվ անդամներից աչքի է ընկել Մանե Փանոսյանը: Գրադարանի խորհուրդը նրանց ներկայացնում է որպես “Լավագույն ընթերցողներ” և նրանք պարգևատրվում են գրքերով:
Ամառվա ընթացքում կազմակերպվել է հանգստացողների գրադարանային սպասարկում: 2018թ. սպասարկվել է 20 մարդ:
Գրադարանի լավագույն ձեռքբերումներից է գրադարանում ստեղծված “Գրական խմբակը” և “Բանավեճի ակումբը” ուսանողների ներգրավմամբ: Ակտիվացել է գրադարան-ուսանող ընթերցողական կապը, որի շնորհիվ գրադարանում կազմակերպվում են գեղեցիկ միջոցառումներ:
Կազմակերպվող անհատական և թեմատիկ ցուցահանդեսների միջոցով գրադարանը ընթերցողներին տեղեկություններ է տալիս հասարակական–քաղաքական, հոբելյանական տարեթվերի մասին և բարձրացնում նրանց ինֆորմացիոն մակարդակն ու նպաստում նրանց աշխարհայացքի ձևավորմանը:
2018թ. հասարակական–քաղաքական, հոբելյանական տարեթվերի իմաստով բավականին հագեցած տարի էր, գրադարանը փորձել է ինչ որ ձևով արձագանքել դրանց: Նշենք, որ 2018թ.-ին նախատեսվել էր կազմակերպել 20 միջոցառում, կազմակերպվել է 23 միջոցառում:
Ավանդույթ են դարձել ազգային գրադարանային շաբաթին, “Թանգարանային գիշեր”, “Թանգարանների միջազգային օր”, “Գրադարանային գիշեր”, “Եվրոպական ժառանգության օրեր” ծրագրերին ակտիվ մասնակցությունը:
Ընթերցողների հետ տարվող աշխատանքի առանձին ձևերի ու մեթոդների մասին գրադարանում կատարված աշխատանքների մասին կարող ենք շատ խոսել` սկսած փոքրիկ զրույցներից, հանդիպումներից, բայց արժե ներկայացնել կարևորագույն միջոցառումներից մի քանիսը.
Գրքի շնորհանդեսներից արժե նշել Իսպանիայում բնակվող և ստեղծագործող Արարատ Ղուկասյանի “Փնտրտուքի ճանապարհին” գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին բանաստեղծի քույրը, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ և պարզապես գրքասեր սպիտակցիներ: Գեղեցիկ ու հետաքրքիր միջոցառման ընթացքում գրադարանի ընթերցողների շուրթերից հնչեցին բանաստեղծի բազմաժանր ստեղծագործությունները, որոնք մերթընդմերթ համեմվում էին Սպիտակի երաժշտական դպրոցի և Ջիվանու անվան աշուղական դպրոցի Սպիտակի մասնաճյուղի սաների կատարումներով: Գրադարանի նախասրահում բանաստեղծի գրքերի ցուցադրությանը գեղարվեստական շունչ էր հաղորդում Սպիտակի գեղարվեստի դպրոցի հայրենաշունչ նկարների ցուցահանդեսը:
Գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց բանաստեղծի մարդ տեսակը, նրա անցած “Փնտրտուքների ճանապարհը”:
Այս միջոցառումը կարևորվում է նրանով, որ բացի գրքի հանրահռչակումից, բարեկամական կապեր է հաստատվում . Արարատ Ղուկասյանը պարտավորվեց գրադարանում ստեղծել իսպանական կենտրոն, որտեղ կուսուցանվի իսպաներեն լեզու և կենտրոնը պարբերաբար կհամալրվի գրքերով:
Գրադարանում տեղի ունեցավ Արմինե Մինասյանի “Հայրենիքիս Ճամբէքով” և “Սիրոյ արահետներով” գրքերի շնորհանդեսը: Ներկա էին գրականագետ Մարգարիտա Խաչատրյանը, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Անահիտ Գյուլազյանը, մտավորականներ, բազմաթիվ ընթերցասեր սպիտակցիներ:
Տերունական աղոթքով միջոցառման սկիզբն ազդարարեց Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը: Գրադարանի ընթերցողները ներկայացրին հեղինակի ստեղծագործության հիմնական թեման` հայրենասիրություն, կարոտ, սեր: Արմինե Մինասյանը, կարևորելով գրադարանի տեխնիկական հագեցվածության նշանակությունը, համակարգիչներ ձեռք բերելու համար գրադարանին նվիրաբերեց 1000 ԱՄՆ դոլար:
Արձակագիր, հրապարակախոս, լրագրող Հրաչյա Մաթևոսյանի /Հրաչօ/ հիշատակի երեկոն ևս լավագույններից էր:
Երեկոյին մասնակցում էին գրականագետ Մարգարիտա Խաչատրյանը, պատմաբան Գևորգ Յազըճյանը, Հրաչյա Մաթևոսյանի երկու որդիները` Վահագնը և Արտակը: Ծրագիրը կազմված էր` հավատարիմ Հրաչյա Մաթևոսյանի ձեռագրին: Միջոցառման ընթացքում վեր հանվեց Հրաչյա Մաթևոսյանի կերպարը:
Երեկոյի մասնակից, գրադարանի ընթերցողները ներկայացրին հատվածներ Հրաչյա Մաթևոսյանի ստեղծագործություններից, որոնք կարծես այսօրվա համար են գրված: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև “Մեր Հրաչօն` Հրաչյա Մաթևոսյան” գրքի շնորհանդեսը:
Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում մեկնարկված միջոցառումների ծրագրին մասնակցություն ենք ունեցել նաև մենք: Գրադարանում ձևավորված գեղեցիկ գրքային ցուցադրությունը նվիրված էր Ֆրանսիայի հանրապետությանը, իսկ գեղեցիկ, ֆրանսերեն և հայերեն լեզուներով ներկայացվող գրական-երաժշտական ցերեկույթը, որը կազմակերպվել էր Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի հետ համատեղ, բարձր տրամադրություն պարգևեց ներկա գտնվողներին:
Գրադարանի թանգարանային բաժնում կազմակերպված ցուցադրություններից արժանի է նշել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրությունը, Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված ցուցադրությունը:
Թանգարանային բաժնի այս տարվա այցելուների թվում մեծ է արտասահմանցիների թվաքանակը` 47 մարդ: Հյուրընկալել ենք Վրաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկներ և տուրիստական խմբեր: Թանգարանում հաճախակի ենք հյուրընկալում քաղաքի դպրոցականներին դասարաններով:
Այս տարվա հոկտեմբերի 7-ը` գրադարանավարի տոնը, որը կրում էր “Կյանքը գրքերով” խորագիրը բավականին ջերմ մթնոլորտում անցավ, բացի այն ,որ այդ օրը գրադարանին գրքեր նվիրեցին, կազմակերպվեց նաև գրքին, գրադարանին նվիրված ցերեկույթ:
Այս բոլոր միջոցառումները մեկ նպատակ են հետապնդում` մատաղ սերնդին և երիտասարդներին մոտ պահել գրքին ու գրականությանը, կազմակերպել նրանց հետաքրքիր ժամանցը, հաղորդակից դարձնել սեփական երկրի մշակութային ժառանգությանը` մեծացնել նրանց դերակատարությունը և ակտիվ մասնակցությունը ժառանգության պահպանման գործում:
Հայաստանի անկախության 27-րդ տարելիցին նվիրված “Հայոց ճանապարհը առաջընթաց է” խորագիրը կրող երեկոն իսկական հայրենասիրության դաս էր “Հայրենիք սիրելը բոլորիս պարտքն է, բայց հայրենիքը սիրելն էլ պիտի իմանանք… Մարդիկ կան` լռությամբ, բայց շատ մեծ գործ են անում, հայրենիքը պետք է քո բջիջներում լինի, քո հոգում, ամենքս էլ պիտի ապրենք հայրենիքի հոգսով, պիտի շենացնենք, պիտի փայփայենք մեր մոր պես, հայ մնանք լեզվով, արմատներով” այս խոսքերով ավարտվեց միջոցառումը:
Նորություն չէ, որ այսօր համացանցը մի հսկա գրադարան է, բազմաժանր, բազմաֆորմատ և մենք պետք է վերանայենք մեր ռազմավարությունը:
Այսօր գրադարանի ընթերցողը միայն գրքի տվյալներով չի սահմանափակվում, նա պահանջում է մատենագիտական տեղեկատվություն:
Գրադարանավարը տեղեկատվության մենեջեր պետք է լինի , թե ավանդական, թե թվային գրքերը քայլում են կողք կողքի և նրանք կոչված են բավարարելու ընթերցողի որոշակի և անորոշ հարցադրումներին: Պետք է տեխնիկապես վերազինել գրադարանը և վերաբերմունքի փոփոխություն ունենալ “Գրադարանավար” մասնագիտության նկատմամբ, ինչին ձգտում ենք մենք:
2018թ.-ին “Սպիտակի քաղաքային գրադարան” ՀՈԱԿ-ը գործարկեց իր վեբ կայքը ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ /spitak.reglib.am/, որի ֆինանսավորման խնդիրները իր վրա է վերցրել դեսպանատունը 2 տարի ժամանակով: Եռօրյա աշխատաժողովին մասնակցել է մեր աշխատակից Անժելիկա Մակարյանը, ով և գործարկում է վեբ կայքը:
2018թ-ին վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 3 աշխատող, խրախուսվել է 2 աշխատող, բոլոր աշխատողները օգտվել են իրենց հասանելիք արձակուրդներից: 2018 թ-ին կազմակերպել ենք 6 սեմինար պարապունք, 23 անհատական կոնսուլտացիա:
Ձեռք է բերվել ևս մեկ համակարգիչ:
Գրադարանի աշխատանքները լուսաբանվել է “Լոռու մարզ”, “Լուսարձակ” թերթերում, ինչպես նաև spitak.reglib.am կայքում և facebook սոց ցանցում:
Գրադարանի 15 աշխատողներից` 4-ը օժանդակ աշխատողներ են, հաշվապահ, տնօրենի տեղակալ, 2-ը թանգարանային բաժնի աշխատողներ, 7ը`գրադարանային:
Աշխատակիցներից 7-ը ունի բարձրագույն կրթություն, 4-ը միջնակարգ մասնագիտական /այդ թվում 1-ը` գրադարանային/ 2-ը`ընդհանուր միջնակարգ կրթություն:
7 գրադարանային աշխատակիցներից 4-ն ունի բարձրագույն կրթություն, 1-ը միջին մասնագիտական , 2-ը` ընդհանուր միջնակարգ կրթություն:
Կից ներկայացնում ենք գրադարանի բյուջեն:
Գրադարանի աշխատանքներում անելիքները շատ են, կան նոր հետաքրքիր գաղափարներ ,որոնք իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ և ֆինանսական միջոցներ և ժամանակակից զարգացումներին համապատասխան վերապատրաստված մասնագետներ:
ՈՒնենք ֆոնդի համալրման անընդհատության խնդիր, որի պատճառով մերժումները զգալի թիվ են կազմում:
Իրականացնելու ենք 2018թ.-ին, վերանորոգման պատճառով, չավարտած գրապահոցի ֆոնդի վերահաշվառման աշխատանքները:
Առկա է անվտանգության խնդիր թանգարանային բաժնում. թանգարանի տարածքը ամբողջովին առանձնացված չէ, ունի բաց տարածքներ կարելի է ցանկության դեպքում` միջնորմի վրայից, անցնելով հայտնվել թանգարանի տարածքում:
Ունենք թանգարանային բաժնի մասնագիտական գույքի, մանկական աթոռակների և սեղանների, դաշնամուրի և տեխնիկական վերազինման խնդիր: Թանգարանային բաժնում կարիք ունենք ժամանակակից ցուցապահարանների, ցուցավահանակների` արձանների և քանդակների ցուցադրման համար:
Քաղաքում զբոսաշրջության զարգացման նպատակով առաջնային նշանակություն ունի թանգարանային բաժնում գրավիչ միջավայրի ստեղծումը:
Կարիք կա գովազդային նյութերի ստեղծման` զբոսաշրջության զարգացման համար:



Լուսանկարներ

Լուրեր

×