top

ՈՒ ՀՆՉԵՑ ԶԱՆԳԸ, ՀՆՉԵՑ

24.05.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՈՒ ՀՆՉԵՑ ԶԱՆԳԸ, ՀՆՉԵՑ
“Վերջին զանգը” սպասված և հիշարժան իրադարձություն է, որն ուղեկցվում է աշակերտների, ուսուցիչների և ծնողների հուզմունքով, այն լեցուն է սիրո, ջերմության և երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով և անմոռանալի պահերով:
Վերջին զանգն այն երազանքն է, որը յուրաքանչյուր բարձր դասարանի աշակերտ փայփայում է իր հոգու խորքում: Ու թեև վերջին զանգը խորհրդանշում է հրաժեշտ, այնուամենայնիվ այն նաև խորհրդանիշ է նոր սկզբի, նոր հեռանկարների ու հորիզոնների:
Այսօր՝ մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում հնչեց ավարտական վերջին զանգը:
Սպիտակի բոլոր դպրոցներում տոնական տրամադրություն էր. գեղեցիկ զարդարված դահլիճներում հուզված, միանման հագուստներով շրջանավարտները ժպիտներով դիմավորում էին ուսուցիչներին, ծնողներին, հյուրերին...
Համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն այսօր ներկա գտնվեց Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը: Դպրոցի աշակերտներն ավարտեցին 12-րդ դասարանները: Գ. Սահակյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ նրանց բարի երթ մաղթելով դեպի նոր կյանք.
- Սիրելի´ շրջանավարտներ, շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ և անմոռանալի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ հետագա հաջողություններ, երջանկություն ու ամենայն բարիք:
Բարի երթ ձեզ դեպի նոր կյանք, որտեղ ձեզ սպասվում են բազմաթիվ հետքրքիր, նոր իրադարձություններ և դժվարություններ և ինչ դժվարություն էլ որ լինի երբեք չվախենաք ու միշտ նայեք առաջ, հաղթահարեք հեշտությամբ: Յուրաքանչյուրիդ հաջողություն եմ ցանկանում առաջիկա ընդունելության քննությունների ժամանակ, ինչ բնագավառ էլ որ ընտրեք, դարձեք լավ մասնագետներ:
Սիրելի ծնողներ, ուսուցիչներ շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում Ձեզ ձեր երեխաների և սաների մեջ հայրենասիրություն սերմանելու, խոր և կայուն գիտելիքներ փոխանցելու համար: Եվս մեկ անգամ շնորհավորում և բարի երթ եմ մաղթում ձեզ` սիրելի շրջանավարտներ,- իր խոսքը եզրափակեց համայնքի ղեկավարը:
Այս տարի Սպիտակ համայնքում Սուրեն Ավետիսյանի անվան ավագ և Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցներում 86 աշակերտ ավարտեց 12-րդ դասարանը:
Սպիտակ համայնքի դպրոցներում կազմակերպված վերջին դաս և զանգ միջոցառումներին մասնակցեցին նաև համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, համայնքի ավագանու անդամները, ովքեր արձանագրեցին, որ յուրաքանչյուր դպրոց յուրօրինակ ձևով էր պատրաստվել “Վերջին զանգ”-ին: Ավարտական միջոցառումները լի էին երգով, պարով, սիրելի ուսուցիչներին, դասվարներին, տնօրեններին նվիրված բանաստեղծություններով, հումորով, ներման և շնորհակալանքի խոսքերով:
Բոլոր դպրոցների տնօրենները, ավարտական դասարանների դասղեկները, ծնողները շնորհավորանքի և շնորհակալանքի խոսքեր հղեցին շրջանավարտներին, կոլեգաներին, ծնողներին: Ավագ և թիվ 8 դպրոցների շրջանավարտներն անհատական շնորհավորական բացիկներ ստացան համայնքի ղեկավարի կողմից:
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և մաղթում հաջողություններ ոչ միայն առաջիկա քննական շրջանում, այլ ամբողջ կյանքում, ցանկանում, որ նրանք իրենց ձեռք բերած գիտելիքներով ու մասնագիտություններով իրենց ներդրումն ունենան հայրենիքի և հայրենի քաղաքի զարգացման ու հզորացման գործում:



Լուսանկարներ

Լուրեր

×