top

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ ՓՈՔՐԻԿ

01.06.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ ՓՈՔՐԻԿ
Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է: Բացի այդ այս օրն ունի չափազանց կարևոր նշանակություն` 1925-ին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսում այն ընդունվեց, որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:
Տոնի խորհուրդը երեխաներին պատերազմների վտանգներից զերծ պահելն է, նրանց առողջությունը պաշտպանելը, պատշաճ կրթություն և դաստիարակություն ստանալու իրավունքն ապահովելը:
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Սպիտակի քաղաքային “Հաղթանակ” զբոսայգում նշվեց աշխարհի ամենամանկական տոնը: Վաղ առավոտից բազմամարդ էր զբոսայգին, լի` երեխաների ուրախ ճիչերով, ծափ ու ծիծաղով: Երեխաների համար առավել ոգևորիչ էր նրանց նորակառույց ներառական խաղահրապարկը, որի կառուցումը կյանքի կոչվեց “ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սպիտակի համար” ծրագրով: Գեղատեսիլ զբոսայգի իրենց տոնը նշելու էին եկել նաև մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի երեխաները, նրանք խաղացին և մասնակցեցին գեղեցիկ միջոցառմանը, որը բարձր տրամադրությամբ շարունակվեց մինչև ուշ երեկո:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Սպիտակի մշակույթի տան երգի և թատերական ստուդիայի, պարային համույթի սաները, երաժշտական դպրոցի սաները և թիվ 1, 2, 4 հիմնական դպրոցների աշակերտները: Իսկ փոքրիկ Անին այս տարի նույնպես իր գեղեցիկ բանաստեղծությամբ շնորհավորեց աշխարհի ամենագունավոր տոնը: Միջոցառումն ուղեկցվում էր նաև կավճանկարչությամբ և Սպիտակի գեղարվեստի դպրոցի սաների նկարների ցուցահանդեսով: Երեխաները ուրախ, զվարթ երգեցին, պարեցին, օգտվեցին զբոսայգու մանկական ատրակցիոններից:
Միջոցառման ավարտին Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի անունից շնորհակալագրեր հանձնվեց “Սպիտակի մշակույթի տուն”, “Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն”, “Սպիտակի երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն” ՀՈԱԿ-ներին, Սպիտակի Ա. Մյասնիկյանի անվան թիվ 1 հիմնական, Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական և Սպիտակի Վարդանանց թիվ 4 հիմնական դպրոցներին` 2019թ. հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Երեխաներն իրենց պաշտպանված և սիրված պետք է զգան ամեն օր և ամեն վարկյան, իսկ հունիսի 1-ն ուղղակի առիթ է նրանց օրն էլ ավելի հեքիաթային դարձնելու և օրվա իմաստը ինքներս մեր մեջ արժևորելու համար:
Տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք աշխարհի բոլոր փոքրիկներին, մաղթում, որ նրանք մեծանան հոգատարությամբ ու ջերմությամբ շրջապատված ընտանիքներում, ունենան անհոգ, խաղաղ, երջանիկ մանկություն և բարեկեցիկ ապագա:
Շնորհավոր տոնդ, սիրելի փոքրիկ:



Լուսանկարներ

Լուրեր

×