top

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ ՍՊԻՏԱԿ

15.07.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ ՍՊԻՏԱԿ
Հուլիսի 15-ն արդեն քանի տարի է նշվում է որպես Սպիտակ քաղաքի օր:
Այս տարին ևս բացառություն չէր՝ վաղ առավոտից  քաղաքի կենտրոնական հրապարակը կրկին մարդաշատ էր. մեծ ու փոքր եկել էին միասին նշելու հարազատ քաղաքի տոնը: Սպիտակի մշակույթի տանը բեմադրվեց «Իսկական ընկերը» ներկայացումը մշակույթի տան թատերական ստուդիայի սաների մասնակցությամբ: Քաղաքային հրապարակում հնչում էր բարձր, ուրախ երաժշտություն, որտեղ կազմակերպված բացօթյա, տոնական և գեղեցիկ համերգային ծրագրով անցկացվեց ֆլեշմոբ, որին մասնակցեցին համայնքում գործող գրեթե բոլոր պարային խմբերը, իսկ միջոցառմանը զուգընթաց անցկացվեց գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրություն և նկարչական մրցույթ` «Իմ սիրելի Սպիտակը» խորագրով: Միջոցառման ամենափոքր հյուրերը մինչև միջոցառման ավարտը հաճույքով խաղում, պարում և նկարում էին: Սպիտակը հյուրընկալել էր նաև հարևան համայնքի բնակիչներին:
Միջոցառման վերջում Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի կողմից բոլոր պարուսույցները և նկարչական մրցույթում հաղթողները պարգևատրվեցին շնորհակալագրերով և հուշանվերներով` Սպիտակ քաղաքի օրվան նվիրված միջոցառմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Միջոցառումը շարունակվեց քաղաքային զբոսայգում, որը նույնպես բազմամարդ էր: Զբոսայգում մանկապատանեկան մարզադպրոցի սաների մասնակցությամբ անցկացվեց սպորտային ցուցադրություններ, որտեղ լավագույն հորիզոնական զբաղեցրած մարզադպրոցի սաները պարգևատրվեցին պատվոգրերով։
Միջոցառման ժամանակ մեր համաքաղաքացի, Սպիտակի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Ռաֆիկ Մանուկյանը Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի կողմից արժանացավ դրամական պարգևատրման՝ 2019թ. մայիսի 16-20-ը Իսպանիայի Խիխոն քաղաքում անցկացված սամբո ըմբշամարտի Եվրոպայի 2019թ. մեծահասակների առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ:
Քաղաքային զբոսայգու մանկական ատրակցիոնները միջոցառման ողջ ընթացքում փոքրիկների համար գործեցին անվճար, իսկ երեկոյան զբոսայգում «Սպիտակի ակտիվ երիտասարդներ» նախաձեռնությունը Սպիտակի մշակույթի տան հետ համագործակցությամբ կազմակերպեց և բոլոր փոքրիկների համար ցուցադրեց Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» մուլտֆիլմը: Փոքրիկներին անակնկալ այցելեցին նաև սիրված մուլտհերոսները, նրանք մինչև ուշ երեկո խաղացին, երգեցին և պարեցին սիրված մուլտհերոսների հետ և մեծ բավականություն ստացան հագեցած օրվանից:
Շնորհավոր տոնդ, Սպիտակ,
Շնորհավոր տոնդ, սիրելի սպիտակցի



Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×