top

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ

06.10.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ
Սպիտակ համայնքում ամեն տարի յուրօրինակ ձևով է նշվում ուսուցչի տոնը: Այս տարի տոնի կապակցությամբ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր համերգ Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական համույթի մասնակցությամբ: Համերգը կայացավ հոկտեմբերի 5-ին ժամը 1600 –ին, որին հրավիրված էին Սպիտակ համայնքի բոլոր ուսուցիչները:
Համերգի սկզբում օրհնության խոսքով հանդես եկավ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե Հովհաննիսյանը: Այնուհետև Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական համույթը ուսուցիչների և համերգի մասնակիցների համար ուրախ ու բարձր տրամադրություն ապահովեց հայկական երգ ու պարով:
Համերգի ընթացքում հայկական տարազներով Սպիտակի մշակույթի տան սաները վարդեր բաժանեցին բոլոր ուսուցիչներին՝ կրկին ու կրկին շնորհավորելով լույսի ու գիտելիքի սերմնացաններին:
Համերգի ավարտին ջերմ շնորհավորական խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար պարոն Գ. Սահակյանը: Նա իր խոսքում նշեց, որ անգնահատելի է ուսուցչի աշխատանքը, ով ջանք ու եռանդ չի խնայում մատաղ սերնդին կրթելու, դաստիարակելու գործում, շնորհակալություն հայտնեց նրանց կատարած աշխատանքի համար, ուշադրության արժանացրեց միջոցառմանը ներկա վետերան ուսուցիչներին, ում դահլիճը ոտնկայս ծափահարեց: Գնահատանքի խոսքեր հնչեցրեց նաև սպիտակցի այն ուսուցիչների մասին, ովքեր, երկրաշարժից հետո մի կողմ թողնելով իրենց վիշտն ու կեցության դաժան պայմանները, անտրտունջ ու նվիրումով կատարեցին իրենց վստահված գործը՝ հայրենիքին տալով լավ զինվոր, լավ ծնող ու քաղաքացի:
Խոնարվում ենք ձեր առջև, Սիրելի ուսուցիչներ….շնոհակալական խոսքը եզրափակեց Գագիկ Սահակյանը: Նա շնոհակալական խոսքեր ուղղեց նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական համույթին և շնորհակալագիր հանձնեց գեղարվեստական ղեկավար Գ. Ոսկանյանին:



Լուսանկարներ

Լուրեր

×