top

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԺՈՆԱԹԱՆ ԼԱՔՈՏԻ ԱՅՑԸ ՍՊԻՏԱԿ

27.11.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԺՈՆԱԹԱՆ ԼԱՔՈՏԻ ԱՅՑԸ ՍՊԻՏԱԿ
Այսօր ճանաչողական այցով Սպիտակ համայնքում էր գտնվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ դեսպանատան պատասխանատու աշխատողների ուղեկցությամբ: Դեսպանին սկզբում Սպիտակի համայնքապետարանում ընդունեց համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը: Համայնքապետարանում համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը և Ժոնաթան Լաքոտը հետաքրքիր զրույց ունեցան նախաերկրաշարժյան Սպիտակի, քաղաքում երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների, քաղաքի զարգացման ներկայիս հնարավորությունների, Ֆրանսիայում և Հայաստանում գործող տեղական ինքնակառավարման մարմինների, հայ ֆրանսիական բարեկամության և հետագա համագործակցության մասին: Այնուհետև դեսպանը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելեց Սպիտակի թիվ 2 դպրոց, որտեղ նրան աշակերտները, դպրոցի տնօրեն Լուսինե Մաթոսյանի և ՀՀ Լոռու մարզպետրանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ՝ դիմավորեցին աղ ու հացով: Այնուհետև դեսպանը «Կայուն զարգացման հայկական հիմնադրամ»-ի հովանավորությամբ ժամանակակից տեխնիկայով ու ոճով կահավորված ֆրանսերենի դասասենյակում մասնակցեց ֆրանսերենի ուսուցչուհի Քրիստինե Ափիցարյանի կողմից վարվող դասին, ֆրանսերեն լեզվով Կոմիտասյան և Թումանյանական ոգով տոգորված գեղեցիկ միջոցառմանը: Հյուրերի համար հուզիչ էր հատկապես ֆրանսերեն լեզվով «Քեզ համար Հայաստան» երգի կատարումը: Դեսպանը բարձր գնահատեց դպրոցի տնօրինության և ֆրանսերենի ուսուցչուհու կատարած աշխատանքը ֆրանսերեն լեզվի ուսուցման գործում, հույս հայտնեց, որ համագործակցության եզրեր կգտնեն Ֆրանսիայի այն դպրոցի հետ որտեղ սովորել է Ք. Ափիցարյանը: Բացի այդ, դպրոցները նաև համատեղ կաշխատեն ֆրանսերեն լեզվի ուսուցման ուղղությամբ՝ նշեց դեսպանը: Հանդիպման վերջում դեսպանն այցելեց Սպիտակի մշակույթի տանը «Հույս Հայաստանի» կազմակերպության հովանավորությամբ գործող ֆրանսիական մշակույթի կենտրոն: Դեսպանը Սպիտակից մեկնեց տպավորված՝ հույս հայտնելով, որ նորից կվերադառնա:



×