top

ՍՊԻՏԱԿՈՒՄ ԵՎ ՎԱՅՔՈՒՄ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

02.12.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿՈՒՄ ԵՎ ՎԱՅՔՈՒՄ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
Երևան, 2 դեկտեմբերի 2019թ.
Սպիտակ և Վայք քաղաքների բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ու արևային էներգիայի կիրառմանն ուղղված լայնածավալ միջոցառումներ են իրականացվել: Եվրոպական միության «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներն ամփոփվեցին ծրագիրն իրականացրած «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (Հաբիթաթ Արմենիա) հիմնադրամի կողմից:
Նոյեմբերի 30-ին կազմակերպված միջոցառմանը ելույթով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինը, Հաբիթաթ Արմենիայի տարածաշրջանային գրասենյակի Գործառնական հարցերով տնօրեն Միխալ Կրուժլիակը, ԵՄ պատվիրակությունում ՎԱԷՀՔ ծրագրի պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, Վայք համայնքի Էներգետիկ հարցերով ղեկավար Գագիկ Մուշկամբարյանը, Քաղաքապետերի դաշնագրի Արևելյան գրասենյակի գլխավոր փորձագետ Արտեմ Խարազյանը և ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանը:
Միջոցառմանը մասնակցեցին պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, Հաբիթաթ Արմենիայի գործընկերներ: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ՎԱԷՀՔ ծրագրի արդյունքները, ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև վերջիններս ամփոփող տեսանյութ և բրոշյուր: Շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնվեցին ծրագրի գործընկերներին:
Հատկանշական է, որ ծրագրի շրջանակում էներգաարդյունավետությանն ուղղված շինաշխատանքներ են իրականացվել Սպիտակի 33 և Վայքի 12 բազմաբնակարան շենքերում, որոնց արդյունքում տարեկան կապահովվի մոտ 1821 ՄՎտժ էներգախնայողություն՝ հանգեցնելով ածխաթթու գազի (CO2) արտանետման նվազեցմանը՝ մոտ 479 տոննայով: Սպիտակի նշված շենքերից 5-ում կատարվել են ամբողջական ջերմամեկուսացման միջոցառումներ, որոնց արդյունքում կգրանցվի տարեկան ավելի քան 65 տոկոս էներգախնայողություն:
Սպիտակի լրացուցիչ 32 բազմաբնակարան շենքերի մուտքի դռներն էներգախնայող դռներով փոխարինման արդյունքում տարեկան կապահովվի 21,492 ՄՎտժ էներգիախնայողություն, որով CO2-ի արտանետումը կնվազի 4,648 տոննայով:
Ծրագրի շրջանակում էներգաարդյունավետությանն ուղղված աշխատանքներ են իրականացվել նաև Սպիտակի և Վայքի հանրային շենքերում: Մասնավորապես՝ Սպիտակի թ. 2 մանկապարտեզում 210 շիկացման և լյումինիսցենտային լամպեր փոխարինվել են էներգախնայող լամպերով, տեղադրվել է 13 նոր էլեկտրական ջրատաքացուցիչ, և խոհանոցը կահավորվել է սպասք լվանալու սարքով: Այստեղ տարեկան էներգախնայողությունը կկազմի 2,998 ՄՎտժ, որի արդյունքում CO2-ի արտանետումը կնվազի 1,331 տոննայով:
Վայքի Մշակույթի տան գրադարանի երեք սենյակներում կատարվել է արտաքին պատերի, առաստաղի և հատակի ջերմամեկուսացում, պատուհանների և դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով ու պատուհաններով, ներքին հարդարում, լուսատուների փոխում էներգախնայող լամպերով, էներգախնայող էլեկտրական տաքացուցիչներով կահավորում: Այստեղ տարեկան էներգախնայողությունը կկազմի 45,920 ՄՎտժ, որի արդյունքում CO2-ի արտանետումը կնվազի 20,388 տոննայով:
Ծրագրի շրջանակում տեղադրվել է Սպիտակում 1, իսկ Վայքում՝ 4 արևային ֆոտովոլտայիկ համակարգ: Ծրագրի արդյունքում Սպիտակ և Վայք համայնքներում էներգետիկ ծախսերի չափաբաժնի տարեկան մոտ 123,432 ՄՎտժ-ը կապահովվի վերականգնվող էներգիայի աղբյուրների միջոցով, իսկ CO2-ի արտանետումը կնվազի տարեկան 559,117 տոննայով:
Նշված քաղաքներում, ինչպես նաև Երևանում կազմակերպվել են նաև Գիտելիքների փոխանակման հանդիպումներ և ԵՄ Էներգիայի օրվան նվիրված միջոցառումներ, որոնք նպաստել են հանրության իրազեկվածության բարձրացմանը էներգախնայողության, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տկն. Անդրեա Վիկտորինը նշել է, որ էներգաարդյունավետությունը և կլիմայական փոփոխությունների կանխարգելման գործողությունները Հայաստանում ԵՄ ծրագրերի առաջնային ոլորտներից են: «ԵՄ-ն ողջունում է էներգաարդյունավետության առաջնահերթությունը, հատկապես՝ բազմաբնակարան շենքերում (ԲԲՇ): Ի հակադրություն հանրային շենքերի վերանորոգման, որտեղ սեփականատերը մեկն է, բազմաբնակարան շենքերը շատ ավելի բարդ են: Սրա հիմնական պատճառն այն է, որ բազմաբնակարան շենքերում անհրաժեշտ է ստանալ բոլոր սեփականատերերի համաձայնությունը, որը դժվար է այն առումով, որ նրանցից շատերն ապրում են արտերկրում, ինչպես նաև չկան ԲԲՇ կառավարման կառույցներ և պահպանման ծառայություններ: Այս առումով, ՎԱԷՀՔ ծրագիրը լավագույն փորձն է ստեղծել. 45 շենք վերանորոգվել է, Սպիտակի լրացուցիչ շենքերի մուտքի դռների փոխումն ընթացքի մեջ է, տեղադրվել են ֆոտովոլտայիկ համակարգեր՝ ապահովելով էներգիա հանրային շենքերի համար, էներգախնայողությունը յուրաքանչյուր շենքում կկազմի 15-30%: 1160 անձ Սպիտակում և 2640-ը Վայքում օգտվել են այս ծրագրից: Իհարկե, ամենամատչելին համարվում է այն էներգիան, որը չի սպառվում, և վերականգնվող էներգիայի աղբյուրներն օգնում են մեզ զարգացնել Հայաստանում հասանելի ռեսուրսները՝ նվազեցնելով ներկրումների պահանջարկը»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանի կարծիքով՝ ծրագրի թիրախային շենքերում իրականացված աշխատանքները շատ կարևոր են բնակարաններում հարմարավետության աստիճանի բարձրացման և սեփականատերերի կողմից գումարի խնայման տեսանկյունից: Նրա խոսքով՝ առկա ֆինանսական մոդելը և քաղաքներում ստեղծված հատուկ հաշիվներում հավաքված խնայողությունները կնպաստեն այս ծրագրի շարունակականությանն ու գրանցված արդյունքների պահպանմանը:
Նշենք, որ ՎԱԷՀՔ ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Վայքի ու Սպիտակի համայնքապետարանների համաֆինանսավորմամբ: Ծրագիրը նպատակ ուներ աջակցելու նշված համայնքապետարաններին զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ՝ բազմաբնակարան և հանրային շենքերում իրականացնելով էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև կիրառելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ՝ համաձայն Քաղաքապետերի դաշնագրի ներքո նախանշված իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների:
«ՀԱԲԻԹԱԹ ՖՈՐ ՀՅՈՒՄԵՆԻԹԻ ԱՐՄԵՆԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն (Հաբիթաթ Արմենիա) «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրասենյակն է Հայաստանում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա պատշաճ տուն։
2000 թվականից ի վեր, Հաբիթաթ Արմենիայի ջանքերի շնորհիվ, շուրջ 8,000 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ նոր հույս են գտել մատչելի բնակարանների տեսքով։
Վերջին տարիներին Հաբիթաթ Արմենիան մեծացրել է իր դերը բնակարանային պայմանների բարելավման գործում՝ նպաստելով երկրում էներգախնայողության բարեփոխումների իրականացմանը։ Համագործակցելով ֆինանսական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, համատիրությունների և բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ՝ Հաբիթաթ Արմենիան վերջին տարիներին իրականացնում է լայնածավալ, կայուն էներգախնայողության ծրագրեր բազմաբնակարան շենքերում։
Մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերին կարող է օգնել յուրաքանչյուր ոք՝ ֆինանսական աջակցության և կամավորության միջոցով սատարելով ընտանիքներին ունենալ ուժ, կայունություն ու ինքնավստահություն և իրենց համար կերտելու առավել բարեկեցիկ կյանք։
Ապաստան շնորհելով՝ մենք հզորացնում ենք։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.habitat.am կայք:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:



Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×