top

ԿԱՅԱՑԱՎ ՇԱԽՄԱՏԻ ՍՊԻՏԱԿԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

03.11.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԿԱՅԱՑԱՎ ՇԱԽՄԱՏԻ ՍՊԻՏԱԿԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Սպիտակի համայնքապետարանի աջակցությամբ և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի Սպիտակի մասնաճյուղի աշխատակից, շախմատի առաջին կարգային Վրեժ Սահակյանի նախաձեռնությամբ համայնքի թիվ 2 հիմնական դպրոցում ընթացող շախմատի Սպիտակ համայնքի բաց առաջնությունը, որը նվիրված էր 1988թ․ աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին, ավարտվեց։ Երեկ դպրոցում տեղի ունեցավ առաջնության պարգևատրման արարողությունը, որին մասնակցում էին համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, Լոռու մարզի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Գառնիկ Ներսիսյանը, ՀՀ շախմատի ակադեմիայի Սպիտակի տարածաշրջանի համակարգող Արարատ Հովհաննիսյանը, Վանաձորի շախմատի դպրոցի տնօրեն Արշակ Ռամազյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, ծնողներ։
Բաց առաջնությանը մասնակցում էին շուրջ 86 դպրոցականներ և մեծահասակներ։
Իրենց տարիքային խմբերում լավագույններին պատվոգրերով, գավաթներով և շախմատներով պարգևատրեցին Գ․ Սահակյանը, Գ․ Ներսիսյանը, Ա․ Ռամազյանը և մրցումների մրցավար Ստյոպա Մարկոսյանը։
Մինչև 10 տարեկան տղաների մրցապայքարում 1-ին տեղ գրավեց Հարություն Մորոյանը, 2-րդ տեղ՝ Դավիթ Թադևոսյանը, 3-րդ տեղ՝ Եփրեմ Օհանյանը։ Տղամարդկանց տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Ռազմիկ Ավետիսյանը, 2-րդ տեղը զբաղեցրեց Արտյոմ Դադամյանը, 3-րդը՝ Վաղարշ Հովակիմյանը։
Մինչև 10 տարեկան աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավեց Անի Համբարյանը, 2-րդ տեղում Անահիտ Բաբայանն էր, 3-րդ տեղում՝ Հասմիկ Պիջոյանը։
10 տարեկանից բարձր աղջիկների խմբում լավագույնը Անուշ Մագոյանն էր, 2-րդ տեղում Անժելա Մանուկյանն էր, 3-րդ տեղում՝ Մարինե Պողոսյանը։
Գ․ Սահակյանն ու Ա․ Հովհաննիսյանն իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին ու շնորհավորեցին հաղթողներին և մասնակիցներին։ Համայնքի ղեկավարը նշեց, որ նման առաջնություններ կրկին տեղի կունենան, և նրանք, ովքեր այս առաջնությունում չգրավեցին մրցանակային տեղեր, անպայման հաղթողներ կճանաչվեն մյուս առաջնություններում։



×