top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔԸ

06.12.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔԸ
Լրանում է 1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակյան երկրաշարժի 30-րդ տարելիցը:
1988թ դեկտեմբերի 7-ին Սպիտակը, երիտասարդ, երբեմնի արագ զարգացող արդյունաբերական քաղաք-շրջկենտրոնը, մի քանի վայրկյանի ընթացքում գրեթե ջնջվեց երկրի երեսից: Սպիտակցին կորցրեց հարազատներին, տուն, աշխատանք, տարիների իր քրտնաջան վաստակը, բայց ոչ հավատը… Կորուստն ու ցավն իր սրտում նա մնաց հայրենի հողի վրա, մնաց արարելու, ստեղծելու, նորից կառուցելու ու վերականգնելու․․․
Ահավոր այդ աղետի օրերին աշխարհը համախմբվեց, մարդիկ հասկացան միմյանց, գործեցին միասնական ու հաղթահարեցին ամենադաժան փորձությունը: Մեզ օգնության շտապեցին աշխարհի գրեթե բոլոր ծայրերից՝ Սպիտակը վերածելով համամարդկային համերաշխության ու գթասրտության գոտու, որի համար այսօր սպիտակցին երախտապարտ է բոլորին, իսկ բարեկամ ժողովուրդների օգնությամբ վեր հառնած քաղաքը` ներկայիս իր տեսքով, թաղամասերի անվանումներով ժողովուրդների բարեկամության իրական խորհրդանիշ դարձավ։
Ուզում եմ, մեկ անգամ ևս, 30 տարիների հեռվից անձամբ իմ և համայնքի ողջ ազգաբնակչության անունից շնորհակալություն հայտնել բոլոր երկրների ժողովուրդներին ու կառավարություններին, կազմակերպություններին ու անհատ մարդկանց՝ մեզ զորակցելու, հույս, հավատ ներշնչելու, դժվար պահին մեր կողքին լինելու, օգնության ձեռք մեկնելու, մարդասիրության, աղետի հետևանքների վերացման, քաղաքի վերականգնման և զարգացման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար։
Մաղթում եմ, որ բոլոր ժողովուրդներն ապրեն խաղաղ ու անվտանգ աշխարհում:

Լավագույն մաղթանքներով և
հետագա համագործակցության ակնկալիքներով՝

Գ. ՍԱՀԱԿՅԱՆ



×