top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔԸ

07.12.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔԸ
Այսօր լրանում է 1988թ․ դեկտեմբերի 7-ի սպիտակյան երկրաշարժի 30-րդ տարելիցը:
1988թ դեկտեմբերի 7-ին Սպիտակը, երիտասարդ, երբեմնի արագ զարգացող, տարածաշրջանում հայտնի արդյունաբերական քաղաք-շրջկենտրոնը, որն ուներ շաքարի, վերելակաշինական, ռետինատեխնիկական իրերի, կաթի վերամշակման գործարաններ, հացամթերքների կոմբինատ, կարի արտադրական միավորում, թռչնաֆաբրիկա, 7 հանրակրթական, գեղարվեստի, երաժշտական, մարզական դպրոցներ, տեխնիկում, պրոֆտեխուսումնարան, 10 մսուր-մանկապարտեզ, հիվանդանոց, զբոսայգի, մշակույթի տուն, գրադարան, կինոթատրոն, թանգարան, մարզադաշտ, կապի հանգույց, տպարան և այլ արդյունաբերական ու մշակութային օջախներ մի քանի վայրկյանի ընթացքում գրեթե ջնջվեց երկրի երեսից: Զոհվեց ավելի քան 4000 մարդ, 1290 երեխա դարձավ ծնողազուրկ, 753 մարդ՝ հաշմանդամ։
Սպիտակցին կորցրեց հարազատներին, տուն, աշխատանք, տարիների իր քրտնաջան վաստակը, բայց ոչ հույսն ու հավատը… Կորուստն ու ցավն իր սրտում նա մնաց հայրենի հողի վրա, մնաց արարելու, ստեղծելու, նորից կառուցելու ու վերականգնելու․․․
Սիրելի բարեկամնե՛ր այդ ահավոր աղետի օրերին աշխարհը համախմբվեց, մարդիկ հասկացան միմյանց, գործեցին միասնական ու հաղթահարեցին ամենադաժան փորձությունը: Մեզ օգնության շտապեցին աշխարհի գրեթե բոլոր ծայրերից՝ Սպիտակը վերածելով համամարդկային համերաշխության ու գթասրտության գոտու:
Սպիտակցին մինչև այսօր հիշում և երախտապարտ է բոլորին։
Երկրաշարժից հետո Սպիտակում լայնածավալ աշխատանքներ են կատարվել: Վերականգնվել և բնականոն աշխատում են բուժհիմնարկները, հանրակրթական, գեղարվեստի, երաժշտական, մարզական դպրոցները, գրադարանը, մշակույթի տունը, պետական քոլեջը, մանկապարտեզները։ Գործում են նաև թռչնաֆաբրիկան, կարի նոր արտադրամասը, “Ագրոհոլդինգ Արմենիա” գյուտնտեսական, արտադրական ընկերությունը, առևտրի և սպասարկման օբյեկտներ: Կատարվել են փողոցների, բակերի բարեկարգման և լուսավորության աշխատանքներ: Անցած 30 տարիների ընթացքում բնակարան է ստացել 2391 ընտանիք։ Անհատական բնակելի տներ են կառուցվել 1212 ընտանիքների համար: Բարեկամ ժողովուրդների օգնությամբ վեր հառնած քաղաքը` ներկայիս իր տեսքով, թաղամասերի անվանումներով ժողովուրդների բարեկամության իրական խորհրդանիշ է դարձել։
Չնայած, որ անցնող 30 տարիների ընթացքում քաղաքում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, սակայն դեռ շատ են լուծում չգտած խնդիրները: Համայնքում դեռ կա 500-ից ավել անօթևան ընտանիք, 3000-ից ավել գործազուրկներ: Քաղաքում չկան երիտասարդների համար զբաղմունքի և ժամանցի վայրեր, դեռևս կան անբարեկարգ փողոցներ և այլն …
Այսօր մշակված և իրականացման ենթակա շատ ծրագրեր ու անելիքներ կան և ես վստահ եմ, որ առաջիկա տարիներին
միասնական, համախմբված, արդյունավետ աշխատանքի շնորհիվ դրանք նույնպես լուծում կստանան և սպիտակցին կապրի երջանիկ, իր երազած Սպիտակում։
Մեզ համար ճակատագրական այս օրը ես հատուկ շնորհակալական ու երախտիքի խոսք եմ հղում իմ սիրելի սպիտակցիներին:
Սիրելի՛ Սպիտակցիներ շնորհակալ եմ Ձեզ՝ Ձեր ոգու, տոկունության համար, շնորհակալ եմ, որ անցնելով անասելի զրկանքների միջով, չկորցնելով հույսը մեր երկրի ու քաղաքի ապագայի հանդեպ՝ մնացիք հարազատ հողի վրա,ընտանիք կազմեցիք, օջախ ստեղծեցիք, երեխա ունեցաք, հայրենիքին զինվոր տվեցիք….. Շնորհակալ եմ, որ այսօր էլ հավատը սրտում սպասում եք մեր հարազատ ու սիրելի քաղաքի վաղվա պայծառ օրվան։
Ուզում եմ նաև, 30 տարիների հեռվից անձամբ իմ և համայնքի ողջ ազգաբնակչության անունից շնորհակալություն հայտնել բոլոր երկրների ժողովուրդներին ու կառավարություններին, կազմակերպություններին, բարեգործներին ու անհատ մարդկանց, ովքեր մեզ զորակցել, հույս, հավատ են ներշնչել։ Դժվար պահին մեր կողքին են եղել, օգնության ձեռք են մեկնել, անգնահատելի աջակցություն են ցուցաբերել աղետի հետևանքների վերացման, քաղաքի վերականգնման և զարգացման գործում։
Մաղթում եմ, որ բոլոր ժողովուրդներն ապրեն խաղաղ ու անվտանգ աշխարհում:



×