top

30 ՏԱՐԻ ԱՆՑ... ԿՅԱՆՔ՝ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ

07.12.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>30 ՏԱՐԻ ԱՆՑ... ԿՅԱՆՔ՝ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ
Այսօր լրացավ 1988թ․ դեկտեմբերի 7-ի սպիտակյան երկրաշարժի 30-րդ տարելիցը:
1988թ դեկտեմբերի 7-ին Սպիտակը, երիտասարդ, երբեմնի արագ զարգացող, տարածաշրջանում հայտնի արդյունաբերական քաղաք-շրջկենտրոնը, որն ուներ շաքարի, վերելակաշինական, ռետինատեխնիկական իրերի, կաթի վերամշակման գործարաններ, հացամթերքների կոմբինատ, կարի արտադրական միավորում, թռչնաֆաբրիկա, 7 հանրակրթական, գեղարվեստի, երաժշտական, մարզական դպրոցներ, տեխնիկում, պրոֆտեխուսումնարան, 10 մսուր-մանկապարտեզ, հիվանդանոց, զբոսայգի, մշակույթի տուն, գրադարան, կինոթատրոն, թանգարան, մարզադաշտ, կապի հանգույց, տպարան և այլ արդյունաբերական ու մշակութային օջախներ մի քանի վայրկյանի ընթացքում գրեթե ջնջվեց երկրի երեսից: Զոհվեց ավելի քան 4000 մարդ, 1290 երեխա դարձավ ծնողազուրկ, 753 մարդ՝ հաշմանդամ։
Սպիտակցին կորցրեց հարազատներին, տուն, աշխատանք, տարիների իր քրտնաջան վաստակը, բայց ոչ հույսն ու հավատը… Կորուստն ու ցավն իր սրտում նա մնաց հայրենի հողի վրա, մնաց արարելու, ստեղծելու, նորից կառուցելու ու վերականգնելու․․․
11:41-ին, ճիշտ 30 տարի առաջ տեղի ունեցած դաժան արհավիրքի ժամին՝ 88-ի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ սկսվեց հիշատակի արարողությունը, որին ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, Լոռու մարզպետի տեղակալ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սարուխանյանը, ՀՀ-ում տարբեր հանրապետությունների դեսպաններ ու հյուպատոսներ, պետական այրեր, համայնքի ավագանին, համայնքապետարանի աշխատակազմը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, գրասենյակների տնօրեններ ու աշխատակիցներ, դպրոցների ուսուցչական և աշակերտական կոլեկտիվներ, ՀԿ ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, հարյուրավոր սպիտակցիներ:
Սպիտակի սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը հիշատակի արարաղության սկզբում նախ խնդրեց հարգել 88-ի բոլոր նահատակների հիշատակը, ապա սփոփանքի խոսքեր ասաց, ներկաների հետ աղոթք բարձրացրեց առ Աստված: Սուրբ Հարություն եկեղեցու երգչախումբը հանդես եկավ կատարումներով: Առավոտյան սուրբ Հարություն եկեղեցում Տեր Օվսեն անմեղ զոհերի հոգիների համար մատուցել էր Սուրբ և Անմահ Պատարագ:
Արա Գևորգյանի “Տէր Ողորմիա” ստեղծագործության հնչյունների ներքո Գ. Սահակյանի գլխավորությամբ ներկաները ծաղկեսպակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին:
Ավելի ուշ նրանք մշակույթի տանը ներկա գտնվեցին ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ կազմակերպված հուշ-ցերեկույթին, որի ընթացքում կատարումներով հանդես եկան “Բարեկամություն” պարային համույթը, “Կոմիտաս” կվարտետը, “Օպերա Վիվա” վոկալ քառյակը, Սպիտակի երաժշտական դպրոցի երգչախումբը, բազմաթիվ միջազգային փառատոնների դափնեկիրներ, սպիտակցի դաշնակահարներ Միքայել Գյուլազյանն ու Անահիտ Դիլբարյանը, մենակատար Ասատուր Բալջյանը: Ցուցադրվեց նաև վերածնված Սպիտակի մասին պատմող մինի ֆիլմ:
Գ. Սահակյանը երախտիքի խոսքով հանդես եկավ, նախ ներկայացնելով նախաերկրաշարժան Սպիտակի տարեգրությունը: Սահակյանն իր և համայնքի ողջ ազգաբնակչության անունից շնորհակալություն հայտնեց բոլոր երկրների ժողովուրդներին ու կառավարություններին, կազմակերպություններին, բարեգործներին ու անհատ մարդկանց, ովքեր սպիտակցուն զորակցել, հույս, հավատ են ներշնչել, օգնության ձեռք են մեկնել, անգնահատելի աջակցություն են ցուցաբերել աղետի հետևանքների վերացման, քաղաքի վերականգնման և զարգացման գործում։
Նա առանձնահատուկ շնորհակալանքի խոսքեր ուղղեց սպիտակցիներին, ովքեր անցնելով անասելի զրկանքների միջով, չկորցնելով հույսը երկրի ու քաղաքի ապագայի հանդեպ՝ մնացին հարազատ հողի վրա, ընտանիք կազմեցին, օջախ ստեղծեցին, երեխա ունեցան, հայրենիքին զինվոր տվեցին: Համայնքի ղեկավարը մաղթեց, որ բոլոր ժողովուրդներն ապրեն խաղաղ ու անվտանգ աշխարհում:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և Լիազոր Դեսպան Ջուն Յամադան:
Օրվա երկրորդ կեսին Գագիկ Սահակյանի ուղեկցությամբ անմեղ զոհերի հուշարձանին ծաղկեսպակ դրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին նաև նախարարների պաշտոնակատարներ, պաշտոնատար այլ անձինք:



×