top

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

01.09.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ
Սեպտեմբերի 1-ին Սպիտակ համայնքի բոլոր դպրոցներում «Առաջին զանգ»-ի գեղեցիկ միջոցառումներով սկիզբ դրվեց նոր ուսումնական տարվան: Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սահակյանը, աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, համայնքապետարանի բաժինների պետեր և աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ այցելեցին համայնքի հանրակրթական դպրոցներ` մասնակցելու կազմակերպված տոնական միջոցառումներին:
Մանկական անմեղ ժպիտներով, անկեղծ ծիծաղներով, գեղեցիկ բանաստեղծություններով ու երգերով ուղեկցվեցին բոլոր միջոցառումները: Դպրոցի տնօրենները, առաջին ուսուցիչները բարի գալուստ մաղթեցին առաջին դասարանցիներին, ձեռքբերումներով և հաջողություններով լի ուսումնական տարի` բոլոր աշակերտներին: Նրանց ողջույնի խոսքերին հաջորդեցին բարձր դասարանցիների ելույթները: Իսկ առաջին դասարանցիները մանկական անկեղծությամբ ողջունեցին հյուրերին, ուսուցիչներին, դպրոցականներին և խոստացան լավ սովորել, դառնալ համայնքի, պետության համար արժանի զավակներ:
Համայնքի ղեկավարը, համայնքապետարանի ներկայացուցիչները շնորհավորեցին միջոցառման բոլոր մասնակիցներին` մանկավարժներին, աշակերտներին և նրանց ծնողներին` մաղթելով հաջողություններ և արդյունավետ ուսումնական տարի: Համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը շնորհավորելով մանկավարժներին, աշակերտներին, նրանց ծնողներին և կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին հորդորեց՝ աննահանջ ձգտումով, նորովի մոտեցումներով, ջանք ու եռանդ չխնայելով կրթել ու դաստիարակել մեր վաղվա օրը կերտող քաղաքացուն: Նա առանձնահատուկ ջերմությամբ ողջույնի խոսքեր հղեց առաջին դասարանցիներին` ցանկանալով նրանց խաղաղ ու ջինջ երկինք և գիտելիքներով զինվելու անհագ ցանկություն:
Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առթիվ Սպիտակ էր այցելել ԱԺ պատգամավոր Արտաշես Պետրոսյանը, ով մասնակցեց Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառմանը և իր շնորհավորական ուղերձը հղեց հայրենի քաղաքի ուսուցիչներին, աշակերտներին և կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին:



Լուսանկարներ

Լուրեր

×