top

ՍՊԻՏԱԿՑԻ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ

10.09.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿՑԻ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ
Մենք բազմաթիվ անգամ անդրադարձել ենք աշխարհի, Եվրոպայի, Հայաստանի առաջնություններում ու միջազգային տարբեր մրցաշարերում սպիտակցի սամբիստների հաջողություններին:
Հերթական անգամ մեր տղաները Հայաստանի հավաքականների կազմում սեպտեմբերի առաջին տասնօրյակում մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերի և արժանացել մրցանակների:
Սեպտեմբերի 2-ին Երևանում կայացավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախկին նախագահ Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարը, որտեղ մեր համաքաղաքացի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էդիկ Պետրոսյանը հանդես եկավ իր քաշային կարգից բարձր՝ 100կգ քաշայինների մրցապայքարին: Այս անգամ ևս մեր անվանի մարզիկը գտնվեց իր բարձրության վրա և հաղթելով բոլոր մրցակիցներին՝ արժանիորեն նվաճեց հուշամրցաշարի չեմպիոնի կոչումը: Այնուհետև Էդիկը սեպտեմբերի 4-8-ը մասնակցեց Ղրղստանում անցկացված այդ երկրի ազգային ըմբշամարտի՝ Կուրաշի մրջազգային մրցաշարին: Առաջին անգամ մասնակցելով իրեն ոչ այնքան ծանոթ մարզաձևի մրցումներին՝ մեր մարզիկը գրավեց երկրորդ պատվավոր տեղը: Մինչ այդ նա մասնակցել էր միջինասիական մեկ այլ երկրի՝ Ղազախստանի Ուրալսկ քաղաքում անցկացված միջազգային խոշոր մրցաշարին, որտեղ նույնպես արժանացել էր երկրորդ մրցանակին:
Սպիտակցի ևս մեկ բազմափորձ ու տիտղոսավոր սամբիստ Ռաֆիկ Մանուկյանը սեպտեմբերի 7-8-ը մասնակցել է Վրաստանում կայացած աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արչիլ Չոխելիի հիշատակին նվիրված միջազգային խոշոր մրցաշարին: Ռաֆիկը այս մրցաշարում փորձնական ձևով մասնակցել է իր քաշային կարգից (68կգ) բարձր՝ 74կգ քաշային կարգում և այդ քաշի աշխարհի հեղինակավոր մարզիկների հետ մրցապայքարում գրավել է երրորդ պատվավոր տեղը:
Մեր մարզիկների մարզիչ, Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տնօրեն Մանվել Խոյեցյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մարզադպրոցի պատանի սամբիստներ Նորայր Հովհաննիսյանը (56կգ) և Էմին Շիրոյանը (48կգ) մասնակցել են Մոսկվայում սեպտեմբերի 6-7-ը անցկացված պատանիների միջազգային մրցաշարին և իրենց քաշային կարգերում արժանացել բրոնզե մեդալների:
ՀՀ վաստակավոր մարզիչը միաժամանակ նշեց, որ Էդիկ Պետրոսյանը և Ռաֆիկ Մանուկյանը նախապատրաստվում են Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու Կորեայի հանրապետությունում նոյեմբերի 8-10 նախատեսված աշխարհի մեծահասակների, իսկ Նորայր Հովհաննիսյանը՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հոկտեմբերի 11-13-ը կայանալիք աշխարհի պատանեկան առաջնություններին:

Շնորհավորում ենք մեր մարզիկներին ձեռք բերած հաջողությունների համար և մաղթում նորանոր նվաճումներ առաջիկա պատասխանատու ստուգատեսներում:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրեր

×