top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՄԱՐԱ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ

16.09.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՄԱՐԱ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ
Սպիտակ համայնքի պատվիրակությունը` համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի ղեկավարությամբ ս/թ. սեպտեմբերի 4-ից 10-ը, Սպիտակ համայնքում ապրիլի 27-ին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում, Սամարա քաղաքային շրջանի ղեկավար Ելենա Լապուշկինայի հրավերով գտնվում էր Սամարա քաղաքում:
Այցը պաշտոնական էր, ճանաչողական: Այցի ընթացքում Սամարայի քաղաքային շրջանի ադմինիստրացիայի շենքում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում, որին ներկա էին Սամարա քաղաքային շրջանի դումայի նախագահ՝ Դեկտև Ալեկսեյ Պետրովիչը և Սամարա քաղաքային շրջանի ադմինիստրացիայի ղեկավար կազմը, ինչպես նաև Սամարայի հայ համայնքի ղեկավար Արսեն Հովհաննիսյանը և «Հայ փոխօգնության միություն» հասարակական կազմակերպության նախագահ` Ավետ Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում տիկին Լապուշկինան կարևորեց երկու քաղաքների միջև համագործակցությունը, խոսեց Սամարա քաղաքի և հատկապես վերջին շրջանում ունեցած հաջողությունների և ծրագրերի մասին: Սպիտակ համայնքի ղեկավարը ներկայացրեց մեր քաղաքը, քաղաքում իրականացված աշխատանքները, շնորհակալություն հայտնեց Սամարա քաղաքի իշխանությանը, ժողովրդին 1988թ. ավերիչ երկրաշարժի ժամանակ Սպիտակին և սպիտակցիներին օգնություն ցուցաբերելու համար և հույս հայտնեց, որ բարեկամության շրջանակներում ամեն ինչ կարվի մեր երկու քաղաքների համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Համայնքի ղեկավարի խոսքից հետո հանդիպման մասնակիցները դիտեցին Սպիտակ քաղաքի մասին կարճատև ֆիլմ:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սամարա քաղաքային շրջանի դումայի նախագահ՝ Դեկտև Ալեկսեյ Պետրովիչը:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակեցին խորհրդանշական նվերներ:
Պատվիրակության անդամներն այցի շրջանակներում այցելեցին Ժիգուլյովսկի գարեջրի և հացի գործարաններ, եղան Սուրբ Խաչ հայկական եկեղեցում, այցելեցին թանգարաններ, մասնակցեցին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Շոստակովիչի հուշարձանի բացմանը և ներկա գտնվեցին Շոստակովիչին նվիրված «Յոթերորդ սիմֆոնիա» համերգին, ծաղիկներ խոնարհեցին Սամարայի առաջին զորավար և շինարար Գրիգորի Զասեկինի հուշարձանին և մասնակցություն ունեցան քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին, այդ թվում հայ համայնքի հայ-ռուսական «Սամարա-Սպիտակ» բարեկամությանը նվիրված հայ և ռուս կատարողների մասնակցությամբ համերգին:
Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Սամարայի մարզպետ պարոն Դ.Ի. Ազարովի հետ:
Հատկանշական էր հանդիպումը հատկապես Սամարայի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպել էր Սամարայի շրջանային հայկական համայնքը (նախագահ`Հրաչյա Խանսանամյան), որին մասնակցում էին գործարարներ, գիտության և մշակույթի գործիչներ:
Հանդիպմանը հայ համայնքի ներկայացուցիչները մեր պատվիրակությանը ծանոթացրեցին Սամարայի շրջանում իրենց կողմից կատարած հսկայածավալ աշխատանքներին, հպարտությամբ նշեցին, որ Սամարայում գործում է նաև հայկական կիրակնօրյա դպրոց:
Համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կարևորեց հայկական համայնքի կողմից կատարած աշխատանքը` հայապահպանության և հայ մշակույթի տարածման գործում և կոչ արեց հայ գոծարարներին իրենց ներդրումն ունենալ նաև Հայաստանի իրենց հարազատ քաղաքներում, որն ինչ խոսք իրենց իսկ սերունդներին կկապի հայրենիքի հետ:
Այցի ընթացքում երկու քաղաքների ղեկավարները պայմանավորվածություն ձեռք բերեցին մշակութային, կրթության ոլորտում համագործակցության, երեխաների համար ճանաչողական, ուսուցողական այցերի կազմակերպման, իսկ մարզիկների համար` մրցաշարեր կազմակերպելու ուղղությամբ:
Համայնքի պատվիրակությունն այցի շրջանակներում հնարավորություն ունեցավ ծանոթանալ նաև Սամարա ժամանած Բելառուսիայի և Բուլղարիայի պատվիրակությունների հետ:
Մեր պատվիրակությունը հայրենիք վերադարձավ մեծ տպավորություններով և ի շահ երկու քաղաքների հետագա համագործակցության վճռականությամբ:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրեր

×