top

ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ – 2019

17.09.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ – 2019
Սեպտեմբերի 14-ին Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոցում և քաղաքային զբոսայգում կայացավ Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում նախատեսված «Մարզական փառատոն - 2019» միջոցառման Սպիտակի տարածաշրջանային փուլը: Փառատոնի անցկացման նպատակն է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորումը, մարզական խմբակներում երիտասարդների ավելի շատ ընդգրկվելը, անհատի ներդաշնակ զարգացմանն ու աշխատունակության բարձրացմանը նպաստելը, համայնքներում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի մասսայականացումը:
Քաղաքային զբոսայգում հանդիսավոր շքերթով սկսված փառատոնին մասնակացում էին Սպիտակ և Արևաշող համայնքների հանրակրթական դպրոցների աշակերտներ, Սպիտակի պետական քոլեջի ուսանողներ, պարզապես համայնքի մարզասեր բնակիչներ:
Այս տարի ևս թեժ պայքար էր ընթանում փառատոնի ծրագրում ընդգրկված բոլոր 7 մարզաձևերից:
Առավել հաջող մասնակցություն ունեցան քաղաքի ավագ, թիվ 4 դպրոցների և քոլեջի մարզիկնեը:
Կշռաքարի բարձրացում և բազկամարտ մրցաձևերում հաղթող ճանաչվեց ավագ դպրոցի XII դասարանի աշակերտ Արթուր Հարությունյանը: Ֆուտզալի մրցումներում ևս տոն տվողները նույն դպրոցի ֆուտբոլիստներն էին, որոնք եզրափակչում 4-1 հաշվող հաղթելով թիվ 1 դպրոցի թիմին՝ դարձան փառատոնի հաղթողներ:
Նարդու առաջնությունում հաղթեց թիվ 4 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հրաչյա Հակոբյանը, իսկ շախմատի և ազգային կոխ ըմբշամարտի մրցումներում հաղթողներ դարձան ավագ դպրոցի X դասարանի աշակերտ, խոստումնալից շախմատիստ Ռազմիկ Ավետիսյանը և ըմբշամարտիկ XII դասարանի աշակերտ Ալեք Ստեփանյանը: Մասսայական կիսավազքում բավականին բարձր արդյունքներով հաղթեցին քոլեջի ուսանող Գարուշ Սարգսյանը և թիվ 4 դպրոցի VII դասարանի աշակերտուհի Հերմինե Ասատրյանը:
Հագեցած օրվա ավարտին մրցակցային բոլոր մարզաձևերից առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված հավաստագրերով, իսկ առաջին տեղը զբաղեցնող մարզիկները՝ նաև մարզական հագուստով:
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և ցանկանում, որ նրանք ավելի բարձր մարզական հարթակներ հաղթահարեն, իրենց վարպետությունը, հմտություններն ու ազնիվ մրցակցությունը ծավալեն բոլոր մրցասպարեզներում՝ պատվով ներկայացնելով հարազատ քաղաքն ու երկիրը:



×