top

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ԱՄՅԱԿԻՆ

23.09.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ԱՄՅԱԿԻՆ
Հայաստանի Հանրապետության Անկախության 28-ամյակի կապակցությամբ Սպիտակի համայնքապետարանի աջակցությամբ Սպիտակ համայնքում անց են կացվել մի շարք միջոցառումներ:
Միջոցառումների սկիզբը ազդարարվել է սեպտեմբերի 14-ին Հայաստանի պարի պետական համույթի մասնակցությամբ:
Սեպտեմբերի 16-20-ը «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում անցկացվել է «Ապրենք հավատով և հայրենասիրությամբ» թեմատիկ ցուցադրություն և «Շարունակում ենք կերտել մեր անկախությունը» գրական ցերեկույթ, գրքային ցուցահանդես, որտեղ ներկայացված է եղել անկախության տարեգրությունը և ձեռք բերված նվաճումները: Ցուցադրությունը, որը կազմակերպվել էր ընթերցողների սպասարկման բաժնի վարիչ Նարինե Ավագյանի և ընթերցասրահի գրադարանավարուհի Լուարա Մաթոսյանի կողմից՝ զուգակցվեց միջին տարիքի ընթերցողների ուժերով կազմակերպված գրական ցերեկույթով:
Այն հարցին, թե ով է հայը և ինչպիսի երկրում կուզենային ապրել, երեխաները պատասխանեցին.
-Մենք ուզում ենք ապրել ազատ, անկախ և խաղաղ Հայաստանում: Մեզ համար երջանկություն է հայորդի լինելը, մենք հպարտ ենք, որ ապրում ենք այսպիսի երկրում:
Գրադարանավարի հորդորը մեկն էր: Սիրել հայրենիքը, լավ սովորել, որպեսզի հետագայում հայրենիքին արժանի զավակ դառնան:
Երդումն այսպիսին էր. Հասկանում ենք, որ մեր երկրի ապագա տերը մենք ենք, ուրեմն ամեն կերպ պետք է պահենք երկրի կարևոր նվաճումը, որը ձեռք է բերվել բազմաթիվ դժվարություններով:
Երեխաներին ամենից շատ դուր եկավ «Հավերժական հայն ու Հայաստանը» ենթավերնագիրը կրող ցուցադրությունը: Նրանք հեռացան դահլիճից հպարտությամբ՝ հավերժական հայի զգացողությունը սրտում:
Միջոցառմանը հնչեցին Չարենցի, Սևակի, Համո Սահյանի, Ավ. Իսահակյանի, Հովհ. Շիրազի, Հովհ. Թումանյանի ստեղծագործություններից:
Սեպտեմբերի 20-ին «Սպիտակի երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում անցկացվել է ՀՀ անկախության օրվան նվիրված երաժշտական ցերեկույթ, որտեղ ընդգրկվել են դպրոցի տաղանդավոր սաները իրենց գեղեցիկ երաժշտական համարներով:
Նույն օրը տոնական էր նաև «Սպիտակի թիվ 1 ՆՈՒՀ» և «Սպիտակի թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ներում, որտեղ կազմակերպվել էին մանկական հանդեսներ՝ «Իմ անկախ Հայաստան» և «Տոնդ շնորհավոր Հայաստան» խորագրով: Միջոցառումներին մասնակցում էին բոլոր խմբերի երեխաները, ինչպես նաև ՆՈՒՀ-երի կոլեկտիվները: Միջոցառման ընթացքում երեխաները իրենց ստացած գիտելիքները տոնի կարևորության մասին արտահայտեցին բանաստեղծությունների, երգ ու պարի միջոցով: Կրթօջախներում տիրում էր բարձր, տոնական և հայրենասիրական տրամադրություն: Երեխաների մոտ տպավորությունը և ոգևորությունը շատ մեծ էր:
Սեպտեմբերի 21-ին «Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում դպրոցի սաների մասնակցությամբ անցկացվել է «Հայաստանն իմ տունն է» խորագրով կավճանկարչության մրցույթ:
Նույն օրը «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվել են մարզական ցուցադրական ելույթներ մարզադպրոցի մարզիչների և աշակերտների մասնակցությամբ:
Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումները եզրափակվել են «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում անցկացված գեղեցիկ միջոցառմամբ: Բեմում անկախության սերունդն էր՝ տոնական հագեցած ծրագրով:
Միջոցառմանը մասնակցում էին մշակույթի տան «Վերածնունդ» պարային խումբը՝ պարուսույց Անուշ Աբրահամյան, «Նարե» երգի խումբը՝ խմբավար Նարինե Հակոբյան, «Անի» պարային խումբը՝ պարուսույց Արտյոմ Օհանյան և մշակույթի տան ակտիվ երիտասարդները՝ Նազելի Սողոմոնյանը, Անժելա Մագոյանը և Լուսինե Հակոբջանյանը:
Ծրագրում ընդգրկված էին հայրենասիրական երգեր, քանոնի կատարում, ասմունք և ազգագրական պարեր: Միջոցառմանը ներկա էին՝ Սպիտակի համայնքապետարանի աշխատակիցներ, մասնակիցների ծնողներ, տարբեր կրթօջախների աշակերտներ և արվեստասեր սպիտակցիներ:
Հանդիսատեսը տպավորված էր մասնակիցների գեղեցիկ կատարումներով, յուրաքանչյուր կատարում ուղեկցվում էր բուռն ծափերով:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրեր

×