top

ՍՊԻՏԱԿՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ “ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ” ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

06.02.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ “ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ” ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ս/թ փետրվարի 4-ին Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն իր աշխատասենյակում ընդունեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեիտենին, ծրագրերի օգնական Հեղինար Մելքոմ Մելքոմյանին, Գյումրու “Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն” (ԵՆԿ) ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանին, (ԵՆԿ) ՀԿ-ի ֆինանսների պատասխանատու Լիանա Հակոբյանին, “Երիտասարդների տուն” բաց երիտասարդական կենտրոնի ծրագրի խորհրդատու Աննա Եղոյանին։ Հանդիպմանը ներկա էր համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գյումրու “Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն” ՀԿ-ի և Սպիտակի համայնքապետարանի միջև նախորդ տարի կնքված փոխհամագործակցության կետերը, ծրագրերը, խնդիրներն ու անելիքները։
Գագիկ Սահակյանը նախ շհնորհակալություն հայտնեց կողմերին՝ վստահության և նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար, ապա խիստ նշանակություն տալով երիտասարդների դերին մեր հասարակության առաջընթացի ու համայնքների զարգացման գործում, կարևորեց կենտրոնի հիմնումը։ Նա նաև խոսեց երտասարդներին աջակցելու, նրանց ակտիվ կյանք մտցնելու ուղղությամբ համայնքում տարվող աշխատանքների մասին։
Արթուր Նաջարյանն էլ իր խոսքում ասաց, որ կենտրոնն իր գործունեության ընթացքում կունենա համապատասխան աշխատանքային խորհուրդ, որը ձևավորված կլինի և՛ ՏԻՄ-ի, և՛ “ԵՆԿ” ՀԿ-ի, և՛ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից։
-Շնորհակալ ենք ձեզ և ձեր թիմին՝ հարցի կարևորությունը շատ արագ հասկանալու և մեզ ընդառաջ գալու համար։ Եզակի համայնքի ղեկավար եք, ով պատրաստակամ է և ամեն ինչ անում է իր համայնքի երիտասարդության համար։ Ձեր օրինակը վարակիչ էր, և մեր երկկողմ հուշագրի ստորագրումից հետո բազմաթիվ համայնքներ սկսել են հետաքրքրվել մեր նախաձեռնությամբ։ Դուք այն օրինակն եք, որը նշաձողի վրա մենք բոլորին ցույց ենք տալիս։ Մոդելը, որը մենք փորձում ենք տարածել հանրապետությունում, սկիզբ է առել ձեզնից,-իր խոսքը եզրափակեց նա։
Լիվ Էլին Ինդրեիտենը նույնպես կարևորեց համագործակցությունն ու կենտրոնի հիմնումը Սպիտակում։
Քննարկվեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Սպիտակի համայնքապետարանի և “ԵՆԿ” ՀԿ-ի միջև առաջիկայում կնքվելիք փոխհամագործակցության հուշագրին վերաբերող, բաց երիտասարդական կենտրոնի հիմնման ծրագիրը հնարավորինս սեղմ ժամկետներում իրականություն դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների ու կենտրոնին վերաբերող այլ հարցեր։
Եռակողմ համագործակցության շրջանակներում ուշադրության կենտրոնում պետք է պահվեն համայնքի երիտասարդության խնդիրները։ Հիմնական ծրագրային գործունեության հաջողակ լինելու համար կողմերը կցուցաբերեն հեռահար մոտեցում, ակտիվ մասնակցություն կունենան համայնքի երիտասարդներն ու մեթոդիկային տիրապետող մասնագետները։
“ԵՆԿ” ՀԿ-ի մասնակցությունը խորհրդում նպատակ կունենա հետևելու, որպեսզի կենտրոնը չշեղվի իր հիմնական գործունեությունից և թե՛ համայնքապետարանի, թե՛ երիտասարդների վեր հանած խնդիրներին հնարավորինս լուծումներ տրվեն։
Հյուրերը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ եղան կենտրոնին համայնքապետարանի կողմից տրամադրվող տարածքում, շրջեցին, ծանոթացան պայմաններին։ Ավելի ուշ “Սպիտակի Հելսինկյան խումբ իրվապաշտպան” ՀԿ-ի գրասենյակում հանդիպում ունեցան համայնքում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ “Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում” ծրագիրն իրականացվում է “Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն” ՀԿ-ի կողմից՝ “Իրավաբանների հայկական ասոցացիա” հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող “Կառուցողական երկխոսության հանձնառություն” ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում: “Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն” ՀԿ-ի առաքելությունն է երիտասարդակենտրոն մոտեցմամբ նպաստել երիտասարդների կյանքի որակի բարձրացմանը, ներգրավել երիտասարդներին շարունակական ոչ ֆորմալ կրթական գործընթացներում, զարգացնել առողջ ապրելակերպի մշակույթը երիտասարդության շրջանում, բարձրացնել երիտասարդների մրցունակությունը աշխատաշուկայում:
“Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում” ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի (ԲԵԱ) ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական և միջազգային փորձի ջատագովության և հանրային քաղաքականությունների բարելավման միջոցով:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրեր

×