top

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ

09.09.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ
Այսօր Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների հետ, որին մասնակացում էին նաև կազմակերպությունների հաշվապահները-գնումների համակարգողները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց կրթական հաստատություններում նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված դադարից հետո աշխատանքները վերսկսելու հարցը: Ծավալվեց ակտիվ քննարկում, բոլոր տնօրեններն առանձին-առանձին ներկայացրեցին իրենց կազմակերպությունների խնդիրները, խոսեցին աշխատանքները վերսկսելու հետ կապված իրականացված նախապատրաստական աշխատանքների, գնումների գործընթացների կազմակերպման մասին: Արդյունքում համայնքի ղեկավարի հետ որուշում կայացրեցին.
 Երաժշտական դպրոցում աշխատանքները վերսկսել անհատական պարապունքներով՝ խստագույնս պահպանելով կորոնավիրուսի կանխարգելիչ կանոնները, իսկ խմբակային պարապունքները կազմակերպել հեռավար՝ միաժամանակ ապահովելով 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններով սահմանված դասաժամերը ։
 Գեղարվեստի դպրոցում պարապունքներն անցկացնել հերթափոխով, փոքր խմբերով (6-7 երեխա), պահպանելով կորոնավիրուսի կանխարգելիչ կանոնները և ապահովելով 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններով  սահմանված դասաժամերը ։ 
 Մշակույթի տան տնօրեն Հերմինե Դարչինյանն իր խոսքում ասաց, որ իրենք դեռ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում և նշեց, որ ցանկալի է՝ խմբակների աշխատանքները լիարժեք սկսել դպրոցներր բացվելուց փոքր-ինչ ուշ, օրինակ՝ հոկտեմբերի մեկից։ Այդ ընթացքում կհետևեն, թե ինչքանով են երեխաները հարմարվում դպրոցական նոր պայմաններին և կաշխատեն երեխաների ծնողների հետ՝ խմբակներ այցելելու ժամերն ու պայմանները որոշելու համար: Հետագայում՝ կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ կկազմակերպեն աշխատանքները:
 Գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ գրադարանի աշխատանքները կազմակերպել աշխատակիցների հերթափոխով աշխատանքի  ներկայանալու միջոցով:
Գ. Սահակյանը հանձնարարեց մշակույթի տան և գրադարանի  տնօրեններին՝ մշակույթի տան մուտքի  մոտ  սահմանված կարգով ապահովել բոլոր աշխատակիցների և այցելուների ջերմաչափումը և տվյալների գրանցումը համապատասխան գրանցամատյաններում՝ ապահովելով նաև ախտահանիչ միջոցառումների իրականացումը:
 Չնայած հաստատություններում իրականացված լուրջ նախապատրաստական աշխատանքներին՝ նախակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները վերապահումով մոտեցան աշխատանքները վերսկսելու առաջարկին, քանի որ մանկապարտեզ երեխաների ընդունելության խնդիրը բավական բարդ է, նշելով, որ սահմանված չափորոշիչներից ելնելով՝  իրենք հնարավորություն ունեն նախադպրոցական կրթություն ապահովել մոտ 90-96 երեխայի համար, սակայն համայնքում նախադպրոցական կրթության պահանջարկն ավելին է՝ շուրջ 350 երեխա: Մանկապարտեզների տնօրեններն առաջարկեցին դեռ սպասել և հետևել կորոնավիրուսի ընթացքին:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև կազմակերպություններում գնումների կազմակերպման գործընթացին, առաջարկություն եղավ ապրանքների գնումները կատարել կենտրոնական կարգով։
Համայնքի ղեկավարը հանձնարարական տվեց՝ գնման հայտերը սեղմ ժամկետներում ներկայացնել համայնքապետարան և դրանց կազմակերպչական աշխատանքները քննարկել համայնքապետարանի գնումների համակարգողի հետ։
Խորհրդակցության վերջում Գ. Սահակյանը նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության օրերին ժամանակին և ամբողջությամբ վճարվել են բոլոր աշխատակիցների աշխատավարձերը, և հորդորեց  կազմակերպությունների տնօրեններին՝ բացատրական աշխատանքներ տանել իրենց աշխատակիցների հետ, որպեսզի նրանք նույնպես ժամանակին կատարեն համայնքի բյուջեի նկատմամբ ունեցած իրենց պարտավորությունները:



Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×