top

ԿԱՅԱՑԱՎ “ԲԵՐՔԻ ՏՈՆ-2017”-Ը

09.10.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԿԱՅԱՑԱՎ “ԲԵՐՔԻ ՏՈՆ-2017”-Ը
“Բերքի տոն-2017” տոնահանդեսն այս տարի առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի Հայքի հրապարակում: Տոնակատարությունը համախմբել էր մարզի համայնքների հարյուրավոր բնակիչների, հյուրերի հանրապետության տարբեր մարզերից, մայրաքաղաքից և արտերկրից: Մարզի տասնյակ համայնքներ, ձեռնարկատերեր ու անհատ ձեռներեցներ, հասարակական կազմակերպություններ պատրաստել էին ճոխ ու ինքնատիպ ձևավորված տաղավարներ, ուր ներկայացված էին տարվա ընթացքում արտադրված բազմազան բերքն ու բարիքը, լոռվա ավանդական խոհանոցն ու Լոռու կենցաղին բնորոշ կիրառական իրերը, ձեռքի աշխատանքներ:
Սպիտակ համայնքն այս տարի ևս տոնահանդեսին ներկայացել էր բարձր տրամադրությամբ, յուրահատուկ և առատ սեղանով, որը զարդարում էին Սպիտակի ջերմոցային տնտեսության՝ Բիոլայֆ-ի արտադրանքի, Թեժ Կրակ-ի հացաբուլկեղենի, մրգերի տոնական մեծ զամբյուղները, հայկական ավանդական ուտեստները՝ ղափաման, պացուց դոլման, ավելուկը, փախլավան, հետաքրքիր և շատ համեղ այլ ուտեստներ:
Սպիտակի գեղարվեստի դպրոցի տաղանդավոր սաները տոնահանդեսի մեկնարկի պահից սկսեցին նկարել մեր տաղավարի լի սեղանները, որոնք մինչ բարձրաստիճան հյուրերի մոտենալն արդեն պատրաստ էին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին, հյուրերին թատերականացված տեսարանով դիմավորեցին Սպիտակի մշակույթի տան “Հեքիաթների աշխարհ” թատերական խմբակի սաները: Հյուրերին գեղեցիկ ժպիտներով դիմավորում էին նաև Սպիտակի մշակույթի տան “Վերածնունդ” պարային համույթի սաները:
“Բերքի տոն-2017”-ի շրջանակներում այս տարի առաջին անգամ կազմակերպվել էր նաև տեղական արտադրության գյուղմթերքների և արտադրանքների տոնավաճառ շուկայականից ցածր գներով: Կազմակերպիչների ջանքերով Վանաձորի Հայքի հրապարակում ստեղծվել էր իսկական գյուղական միջավայր:
Երգ ու պարով հյուրերին ուրախ տրամադրություն էին հաղորդում մարզի համայնքների գեղարվեստական խմբերը, անհատ կատարողներ:
Բեմահարթակ բարձրացան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքլյանը, Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, պատվարժան հյուրեր:
Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնության ու բարեմաղթանքի խոսքից ու տերունական աղոթքից հետո տոնախմբության մասնակիցներին և հյուրերին ողջունեց Գյուղատնտեսության նախարարը: Նա շնորհակալություն հայտնեց մարզային իշխանություններին նման գեղեցիկ միջոցառում նախաձեռնելու և կազմակերպելու համար, բարձր գնահատելով մարզի երկրագործների ու անասնապահության ոլորտի աշխատավորների արդյունավետ աշխատանքը, որոնք հատկապես վերջին տարիներին առաջընթացի կայուն տեմպեր են ապահովել:
Ապա, ընդունված կարգի համաձայն, ընթացիկ տարվա բերքատվության բարձր արդյունքների հասած համայնքներին և անհատներին տրվեցին Լոռու մարզպետի պատվոգրեր, շնորհավորագրեր ու արժեքավոր նվերներ:
“2017թ. ընթացքում գյուղատնտեսական ցուցանիշներով առավելագույն մակարդակ ապահոված մարզի լավագույն համայնք” Լերմոնտովո համայնքը (համայնքի ղեկավար` Էդիկ Չախալյան):
“2017թ. ընթացքում գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում բարձր ցուցանիշներ ապահովված լավագույն կազմակերպություն” ճանաչվեց “ԴԻԵՏ” ՍՊԸ-ն (տնօրեն՝ Ռուզաննա Թոթոլյան):
“2017թ. ընթացքում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքի, մշակության աշխատանքները ագրոտեխնիկական կանոններով կատարելու, գյուղատնտեսական տեխնիկան և գործիքները բարեխիղճ պահպանելու համար մարզի լավագույն մեխանիզատոր” ճանաչվեց Նորիկ Հովհաննիսյանը (գ. Ծաղկաբեր):
“2017թ. ընթացքում մեղվաբուծության բնագավառում մեղվաընտանիքները զարգացնելու, առողջ պահպանելու և բերքի բարձր ցուցանիշներ ապահովելու համար մարզի լավագույն մեղվաբույծ” ճանաչվեց Սեյրան Սահակյանը (գ. Լորուտ):
“2017թ. ընթացքում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման և անասնաբուժասանիտարական միջոցառումների լիարժեք իրականացման համար լավագույն անասնաբույժ” ճանաչվեց Մովսես Սարգսյանը (գ.Շամուտ):
“Գյուղատնտնեսական մշակաբույսերի արտադրության գործում երկարամյա և արգասաբեր ավանդ ունենալու համար 2017թ. մարզի լավագույն հողագործ” ճանաչվեց Հրահատ Խաչատրյանը (գ. Մարգահովիտ):
“Բերքի տոն” տոնակատարությանը ամենամյա մասնակցության և գյուղատնտեսական մթերքների ցուցանմուշները ցուցադրելու համար լավագույն համայնք” ճանաչվեց Կաթնաջուր համայնքը (համայնքի ղեկավար` Արմեն Պապոյան):
ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից ևս պարգևներ հանձնվեցին մարզի լավագույն գյուղատնտեսներին: “Լավագույն ֆերմեր” անվանակարգին արժանացավ Վասիլ Դավթյանը (գ. Կարմիր Աղեկ), “Լավագույն գյուղատնտես”՝ Օհան Մխիթարյանը (գ. Արևաշող), “Լավագույն անասնաբույժ”՝Ջոն Կիրակոսյանը (գ.Կաթնաղբյուր), “Լավագույն գյուղմթերք մթերող”՝ Միքայել Աբրահամյանը (ք. Վանաձոր), “Լավագույն մեխանիզատոր”՝ Արման Մկրտչյանը (գ.Արջուտ), “Լավագույն մեխանիզատոր– կոմբայնավար”՝ ԱշոտՉիլինգարյանը (գ. Մեծ Պարնի):
Տաղավարներով շրջայցի ընթացքում որոշվեցին լավագույն ցուցանմուշներ ներկայացրած համայնքները, այն է՝ Սպիտակը, Գարգառը, Դսեղը, Լուսաղբյուրը, Սարամեջը, Անտառամուտը, լավագույն արտադրողներ՝ “Ագրոհոլդինգ Արմենիա” և “Տաշիր կաթ” ընկերությունները, որոնց ևս հանձնվեցին շնորհակալագրեր:



×