top

ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

10.10.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Հայտնի նկարիչ Արարատ Հայդեյանի և Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի մտերմությունը երկար տարիների պատմություն ունի:
Սպիտակ քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետը չնայած հազարավոր կիլոմետրերի բաժանմանը, իր մեծ սրտի տաքուկ անկյուններից մեկում պահել ու շարունակում է ջերմությամբ պահպանել Սպիտակը, սպիտակցուն…
Շնորհալի նկարիչ, լավ ճարտարապետ, չափազանց բարի մարդ լինելուց զատ Ա. Հայդեյանը նաև մեծ բարերար է:
Արդեն 10 տարի նա հովանավորում է Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Վճարելով նրանց տարեկան ուսման վարձերը, պարոն Հայդեյանը հնարավորություն է տալիս այդ երեխաներին սովորելու, ստեղծագործելու:
2005թ. սկսած յուրաքանչյուր տարի հաստատության տաղանդավոր և հեռանկարային սաները նրա հովանավորությամբ մեկնում են Գերմանիա` մասնակցելու այնտեղ անցկացվող միջազգային ցուցահանդեսներին, հնարավորություն ունենում ծանոթանալ գերմանական մշակույթին ու պատմությանը:
Այսօր բարերարը կրկին Սպիտակում էր կնոջ` Հասմիկ Հովսեփյանի և հովանավորների հետ:
Գեղարվեստի դպրոցում տեղի ոնեցած հանդիպմանը ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը:
Գագիկ Սահակյանը շնորհակալություն հայտնեց Արարատ Հայդեյանին՝ Սպիտակի գեղարվեստի դպրոցին մշտապես աջակցելու համար և Սպիտակ համայնքի վերականգնման ու զարգացման գործում ներդրած ավանդի, սպիտակցի երեխաներին Գերմանիայի մշակութային արժեքներին ծանոթացնելու համար շնորհակալագիր հանձնեց նրան: Ա. Հայդեյանը փոխադարձաբար շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին:
Գեղարվեստի դպրոցի 10 սաների տարեկան ուսման վարձերը փոխանցելուց զատ, պարոն Հայդեյանը դպրոցին տրամադրեց անհրաժեշտ բրուտագործական հաստոցի գումարի մի մասը: Հանդիպման ավարտին Հայդեյանը վարպետության դասեր տվեց գեղարվեստի դպրոցի սաներին:
Հյուրերը եղան նաև Սպիտակի թիվ 2 ՆՈՒՀ-ում: Նրանք շրջեցին մանկապարտեզում, ծանոթացան մանկապարտեզի պայմաններին, սաների հետ երգեցին, պարեցին, դիտեցին փոքրիկների կողմից պատրաստված տիկնիկային ներկայացում:
Կրկին հանդիպելու ակնկալիքով կողմերը հրաժեշտ տվեցին միմյանց:



×