top

ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ 2011Թ. ՃԱՊՈՆԻԱՅԻ ՑՈՒՆԱՄԻԻ ԶՈՀԵՐԻ

11.03.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ 2011Թ. ՃԱՊՈՆԻԱՅԻ ՑՈՒՆԱՄԻԻ ԶՈՀԵՐԻ
Այսօր Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 7-րդ տարելիցի օրը, անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ՀՀ ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան, Սպիտակի համայնքապետարանի, քաղաքի հիմնարկների ու կազմակերպությունների աշխատակիցներ, սպիտակցիներ: Համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի ուղեկցությամբ ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին 2011թ. Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակին` Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարին:
Ներկաները հարգեցին նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Համայնքի ղեկավարն իր խոսքում նշեց, որ սպիտակցիները կրելով 1988-ի աղետալի երկրաշարժի հետևանքները և վերապրելով երկաշարժի ծանր ու դառը փորձը՝ յուրովի ընկալեցին ու հասկացան Ճապոնիայի ժողովրդի կորստյան վիշտն ու ցավը: Դ. Կարապետյանն իր հերթին զորակցության խոսքեր հղեց արհավիրքը վերապրած Ճապոնիայի ժողովրդին:
Է. Տագուչին շնորհակալություն հայտնեց ՀՀ Կառավարությանը և հայ ժողովրդին 2011թ. Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար, նշեց, որ Ճապոնիայի ժողովուրդը, իսկապես, զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից և բարձր է գնահատում Սպիտակում խաչքարի տեղադրումը:Նա նաևնորհակալություն հայտնեց Սպիտակ համայնքի ղեկավարին և համայնքի բնակչությանը՝ ամեն տարի հարգանքի տուրքի մատուցման արարողությանը մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ 2011թ. մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:46-ին Խաղաղ օվկիանոսում` Տոկիոյից 231 կմ հյուսիս-արևելք, տեղի ունեցավ 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Մասնագետների կարծիքով` այդ երկրաշարժը հզորությամբ աշխարհում հինգերորդն էր (1900թ. ի վեր) և հզորագույնը Ճապոնիայում երբևէ տեղի ունեցածներից: Երկրաշարժից հետո մեկ ժամվա ընթացքում ցունամիի հսկայական ալիքները ողողում էին Ճապոնիայի ափերը` իրենց ճանապարհին սրբելով պատահած ամեն ինչ` մեքենաներ, մոտորանավեր ու գնացքներ, քանդելով շինությունները, ճանապարհներն ու կամուրջները: Երկրաշարժը դարձավ նաև «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում վթարի պատճառ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր-հազարավորները մնացին անապաստան:



×