top

“ՍՊԻՏԱԿԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ” ՀՈԱԿ-Ի 2018Թ-Ի ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

14.02.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>“ՍՊԻՏԱԿԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ” ՀՈԱԿ-Ի 2018Թ-Ի ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ  ԾԱԽՍԵՐԻ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Սպիտակի գեղարվեստի դպրոցը 50 աշակերտով սկսել է գործել 1979 թվականից:
Այս պահին դպրոցն ունի 9 աշխատակից և 10 խմբակներում սովորող 66 սան։
Կրթօջախի պատմության մեջ իր անուրանալի վաստակն ունի ծնունդով Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղից անվանի նկարիչ, դոցենտ Արտաշես Հունանյանը, ում անունով էլ ցանկանում ենք կոչել դպրոցը:
Անցնող 30 տարիների ընթացքում մեր դպրոցը միշտ համարվել է լավագույնը մարզում: 2014թ-ին դպրոցը մշակութային կրթության ոլորտում համարվել է Լոռու մարզի հենակետային ուսումնական հաստատություն:
Սպիտակի գեղարվեստի դպրոցն այսօր ընդհանուր և անհատական ցուցահանդեսների ձևաչափով համայնքն ու մարզը ներկայացնում է մշակութային բոլոր հարթակներում՝ համայնքային, մարզային, հանրապետական, միջազգային։
Սպիտակի գեղարվեստի դպրոցը գտնվում է շատ դինամիկ և ակտիվ վիճակում` աշխատասեր ու ջանասեր ուսուցիչների և աշակերտների շնորհիվ: Մեր դպրոցում հիմնական ծրագրերից բացի, զարգացնում են նաև դեկորատիվ կիրառական արվեստի առավել ազգային և ավանդական ճյուղերը՝ խեցեգործություն, խճանկարչություն, ասեղնագործություն, գոբելեն, կարպետ, իսկ 2019 թվականի սեպտեմբեր ամսից նախատեսվում է դպրոցում ունենալ նաև գորգագործության և կարի ուսուցման խմբակներ: Խմբակների բացման գործում իր աջակցությունն ունեցավ համայնքի ղեկավար պարոն Գագիկ Սահակյանը, ով 2018 թվականին դպրոցին տրամադրեց գորգագործության դազգահներ և կարի մեքենաներ: Ոււնենք նաև կավագործական դազգահ, որը ձեռք ենք բերել Գերմանացի բարերարների հովանավորությամբ:
Ունենք տաղանդավոր և խոստումնալից երեխաներ, ովքեր միշտ բարձր են պահել մեր դպրոցի պատիվն ու անունը: Մեր դպրոցի սաները միշտ տարբերվել են իրենց ուրույն մտածելակերպով և շնորհաշատ տաղանդով: Նրանք պարբերաբար մասնակցում են քաղաքային, հանրապետական և միջազգային ցուցահանդեսների և փառատոնների՝ մշտապես գրավելով բարձր հորիզոնականներ:
Վերջին չորս տարվա կտրվածքով դպրոցի մոտ 30 շրջանավարտներ իրենց ուսումն են շարունակում միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Դպրոցը մշտապես ակտիվ մասնակիցն է եղել համայնքի մշակութային կյանքին, հարկ եղած դեպքերում մասնակցել նաև համաքաղաքային միջոցառումների, նկարչական ձևավորման, դիզայնի, լոզունգների պատրաստմանը և այլ աշխատանքներին:
Դպրոցը մշտապես իր ակտիվ մասնակցությունն է ունենում համայնքում անցկացվող համապետական և քաղաքային շաբաթօրյակներին:
Դպրոցում ունենք գործող պատկերասրահ, որտեղ ցուցադրվում են ուսուցիչների և աշակերտների լավագույն աշխատանքները: Ունենք ամենամյա ցուցահանդեսներ՝ նվիրված Հայոց բանակին, անկախության օրվան, մարտի 8-ին, մայրության և գեղեցկության տոնին, Ֆրանկոֆոնիային, Հայոց Մեծ եղեռնին, Ամանորին և այլն։ Ունենում ենք նաև դպրոցի սաների ավարտական դիպլոմային աշխատանքների տարեվերջյան ցուցահանդեսներ, որտեղ սաները ծնողների և հյուրերի ներկայությամբ հանդիսավոր կերպով ստանում են իրենց ավարտական վկայականները: Բացի այդ, պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ, թեմատիկ դասախոսություններ, զրույց-զեկուցումներ՝ նվիրված հոբելյանական և հիշարժան տարեթվերին ու նշանավոր մարդկանց: Մեր սաների համար հաճախակի կազմակերպվում է նաև դաստիարակչական, կրոնական և թեմատիկ ֆիլմերի ցուցադրություն:
2018 թվականը դպրոցի համար ինչպես միշտ, աշխատանքային հագեցած տարի էր․
2018 թվականի հունվարի 28-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայոց բանակի օրվան նվիրված մեր դպրոցն ունեցել է ցուցահանդես “Մեր հաղթանակած բանակը 26 տարեկան է” խորագրով:
Մարտի 20-ից ապրիլի 20-ը դպրոցում անցկացվել է “Ֆրանսիան իմ աչքերով” խորագրով ցուցահանդես՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի օրերին:
Ապրիլին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված դպրոցի ցուցասրահում կազմակերպվել և անցկացվել է ցուցահանդես “Ժառանգություն սերունդների համար” խորագրով, որը հնարավորություն է ընձեռում բարձրացնել երեխաների տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ:
2018 թվականի մայիսին Սպիտակի համայնքապետարանի աջակցությամբ քաղաքային զբոսայգում դպրոցի աշակերտների, ուսուցիչների և համայնքի ակտիվ երիտասարդների մասնակցությամբ կատարվել են բարեկարգման և նկարազարդման աշխատանքներ: Աշխատանքներին մասնակցած երեխաները Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի կողմից ստացել են շնորհակալագրեր:
Մայիսի 15-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի ցուցասրահում տեղի ունեցավ Սպիտակի գեղարվեստի դպրոցի տարեվերջյան ցուցահանդեսը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարության “Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ”-ի գեղարվեստական բաժնի վարիչ Դավիթ Դավթյանը, արվեստագետ հասարակություն, աշխատակիցներ, դպրոցի սաներ, ծնողներ և այլ հյուրեր: Սաների աշխատանքները երեք օր շարունակ ցուցադրվեցին թանգարանում:
Հուլիսի 5-ին մասնակցել ենք “Մենք” ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ Երևան քաղաքում ավանդաբար կազմակերպված ՀՀ պետական խորհրդանիշներին նվիրված հերթական տոնական քայլերթ-հանդիսությանը:
Մասնակցել ենք նաև Սպիտակ համայնքի ակտիվ երիտասարդների կողմից կազմակերպված ինտելեկտուալ խաղերի մրցույթին:
Հուլիսի 15-ին ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերել Սպիտակի զբոսայգում կազմակերպված համաքաղաքային միջոցառմանը՝ նվիրված Սպիտակի օրվան, որտեղ ցուցադրվել են մեր դպրոցի սաների լավագույն աշխատանքները:
Սեպտեմբերի 17-18-ը դպրոցում անցկացվել է “Մշակութային ժառանգության եվրոպական տարի կիսվելու արվեստը” համաեվրոպական խորագրի ներքո ճանաչողական զրույց-զեկուցում` եվրոպական քաղաքներ, մայրաքաղաքներ թեմաներով: Այստեղ երեխաները ծանոթացան Եվրոպական հայտնի նկարիչների և քանդակագործների ստեղծագործություններին և կենսագրություններին: Սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքում մասնակցել ենք նույն թեմայով անցկացվող ցուցահանդեսին, որի շրջանակներում ունենք առաջին փուլ անցած մեկ սան` Դավիթ Սահակյանը:
Սեպտեմբերի 21-ին Սպիտակի քաղաքային հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-ամյակին նվիրված համերգային միջոցառում, որտեղ մի շարք փոքրիկներ մասնակցեցին Գեղարվեստի դպրոցի կողմից կազմակերպած “Հայաստանն իմ տունն է” խորագրով կավճանկարչության մրցույթին։ Մրցույթում 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած փոքրիկները ստացան Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի կողմից պատրաստած անակնկալ նվերներ։ ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ մեր դպրոցում բացվել է նաև դպրոցի սաների և ուսուցիչների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես “Սիրու′մ եմ քեզ՝ Հայաստա′ն” խորագրով:
Հոկտեմբերին ավանդույթի համաձայն դպրոցն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Լոռու մարզային “Բերքի տոն 2018” տոնակատարությանը:
Դեկտեմբեր ամսին “Առավոտ” օրաթերթում տպագրվեց նյութ՝ գեղարվեստի դպրոցի և ներկայումս Գերմանիայում ապրող ու ստեղծագործող, Սպիտակ քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ, դպրոցի վաղեմի բարեկամ Արարատ Հայդեյանի գործունեության մասին: Պարոն Հայդեյանը մշտապես իր աջակցությունն է ցուցաբերում դպրոցին։ Նա պարբերաբար հովանավորում է մեր դպրոցի սաների մասնակցությունը “Արևելք-Արևմուտք բարեկամության կամուրջ” մանկապատանեկան միջազգային ցուցահանդես-փառատոնին Գերմանիայի Էլբա-Էլսթեր շրջանի՝ Գութ Սահաթայնի մշակութային կենտրոնում, որտեղ դպրոցի սաներն իրենց ղեկավարի ուղեկցությամբ մեկնում են Գերմանիայի դաշնություն, մասնակցում ցուցահանդես-փառատոնին Գերմանիայի և այլ երկրներից ժամանած երեխաների հետ, արդյունքում վերադառնում մրցանակներով ու պատվոգրերով:
Բացի դա, պարոն Հայդեյանը գրեթե ամեն տարի վճարում է դպրոց հաճախող սոցիալապես առավել անապահով երեխաների ուսման վճարները։
Ներկա պահին Սպիտակի համայնքապետարանի կողմից մեր դպրոցում իրականացվում է “Սպիտակ համայնքի գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-ի և երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի վերանորոգում” սուբվենցիոն ծրագիրը, որի շրջանակներում կատարվում են դպրոցի շենքի արտաքին պատերի ջերմամեկուսացման, դռների և պատուհանների փոխման, ջեռուցման համակարգի կառուցման և արդիականացման աշխատանքներ:
Դպրոցի աշխատանքների արդյունավետությունն ավելի բարձրացնելու և մեր սաների հաջողությունները բազմապատկելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում դպրոցը համալրել հետևյալ գույքերով և նյութերով`գրասենյակային գույք` սեղաններ, պահարաններ, աթոռներ, մոլբերտներ, արվեստի պատմության դասաժամերն ավելի հետաքրքիր և մատչելի դարձնելու համար՝ համակարգիչ: Աշխատանքային նյութեր և պարագաներ` գիպսե ֆորմաներ, գորգագործության թելեր, վիտրաժի գունավոր ապակիներ, որոնք լիահույս ենք, որ շատ շուտով կունենանք:



Լուսանկարներ

Լուրեր

×