top

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ՅՈՒՆԻՍԵՖԻ ՆՎԵՐԸ ՍՊԻՏԱԿԻՆ

15.05.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ՅՈՒՆԻՍԵՖԻ ՆՎԵՐԸ ՍՊԻՏԱԿԻՆ
Դեռևս 2018թ. օգոստոսին՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի և համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի հետ Սպիտակի համայնքապետարանում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց Սպիտակ քաղաքում վերականգնողական նոր ծառայություններով համալրված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն վերաբացելու և ներառական խաղահրապարակ կառուցելու ծրագիր իրականացնել: Ծրագիրը խիստ անհրաժեշտություն էր ու սպասված ՝ սպիտակցիներիս համար: Այն կյանքի կոչվեց «ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սպիտակի համար» ծրագրով, որի ֆինանսավորումը իրականացվել է Արգենտինայի հայ համայնքի կողմից, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, ՀՀ Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Սպիտակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակներից մեկը հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին որակյալ ծառայությունները հասանելի դարձնելն է: Նշված ծրագրի շրջանակներում հիմնովին վերանորոգվեց Սպիտակի Իտալական թաղամասում գտնվող Մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի շենքը, այն համալրվեց կենտրոնի նպատակներին ու շահառուների պահանջներին համապատասխան գույքով ու սարքավորումներով, Սպիտակի քաղաքային զբոսայգում կառուցվեց ժամանակակից, 0-18 տարեկան, այդ թվում հաշմանդամություն ունեցող, երեխաների համար գեղեցիկ խաղահրապարակ:
Մայիսի 15-ին` Ընտանիքի միջազգային օրը, Սպիտակում տեղի ունեցավ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վերաբացման և նոր ներառական խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին` Արգենտինայի լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբետիան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Էդոյանը, մի շարք այլ պաշտոնատար անձինք, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններ ու աշխատակիցներ, բազմաթիվ սպիտակցիներ և բազում փոքրիկներ:
Հյուրերը սկզբում ՀՀ Լոռու մարզպետ` Անդրեյ Ղուկասյանի և Սպիտակ համայնքի ղեկավար` Գագիկ Սահակյանի ուղեկցությամբ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում ծանոթացան կատարված աշխատանքներին, այնուհետև ստորագրեցին ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչության միջև փոխըմբռնման հուշագիր:
Տարածքային մանակավարժահոգեբանական աջակցության կենտրոնից հյուրերը ուղևորվեցին Սպիտակի գեղատեսիլ «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ նրանց աղ ու հացով դիմավորեցին ու մեծ նվերի համար՝ իրենց թոթով լեզվով, ասմունքով շնորհակալություն հայտնեցին փոքրիկները, այնուհետև սկսվեց տոնական միջոցառում` Սպիտակի մշակույթի տան, Սպիտակի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատության և «Մագա Դանս» պարային համույթի սաների մասնակցությամբ: Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել նաև Սպիտակի գեղարվեստի դպրոցի սաները, ովքեր բացի կավճանկարչությունից, խաղահրապարակի հարակից տարածքը զարդարել էին իրենց ձեռագործ աշխատանքներով: Խաղահրապարակի հանդիսավոր բացմանն օրհնության խոսք ասաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը, այնուհետև ներկաներին ողջունեցին ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը: Նրանք ողջույնի և երախտիքի խոսք հայտնեցին նորակառույց ներառական խաղահրապարակի կառուցման համար, ընդգծելով ծրագրի կարևորությունը և շնորհավորեցին ներկաներին Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը Արգենտինայի լիազոր դեսպան՝ Գոնզալո Ուրրիոլաբետիային, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ՝ Տանյա Ռադոչային և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրեն` Հայկակ Արշամյանին հանձնեց շնորհակալագրեր Սպիտակ համայնքում գեղեցիկ ու խիստ անհրաժեշտ խաղահրապարակ կառուցելու համար:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Արգենտինայի լիազոր դեսպան՝ Գոնզալո Ուրրիոլաբետիան և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ՝ Տանյա Ռադոչայը: Նրանք շնորհավորեցին սպիտակցիներին և շնորհակալություն հայտնեցին Լոռու մարզպետարանին և Սպիտակի համայնքապետարանին համագործակցության համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ՝ Տանյա Ռադոչայը նշեց, որ կազմակերպությունն ակնկալում է շարունակական համագործակցություն ի նպաստ Հայաստանի բոլոր երեխաների բարօրության, նշելով, որ «Երեխաները մեր ապագան են»:
Միջոցառմանը մասնակցելու էին եկել նաև երեխաների կողմից շատ սիրված մուլտհերոսները, ովքեր միջոցառման ողջ ընթացքում ապահովեցին երեխաների բարձր տրամադրությունը:
Սպիտակի գեղատեսիլ զբոսայգու նոր խաղահրապարակը լեփ-լեցուն էր փոքրիկներով և Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառումը, երեխաների խինդ ու ծիծաղով և բարձր տրամադրությամբ, շարունակվեց մինչև ուշ երեկո:
Սպիտակի համայնքապետարանը ձեռնամուխ է եղել խաղահրապարակի տարածքում լուսավորության նոր, էներգախնայող համակարգի կառուցմանը և հորդորում է բոլորին` մեր երեխաների համար կառուցված այս գեղեցիկ խաղահրապարակը պահել ու պահպանել աչքի լույսի պես:



Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×