top

ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԻՏԱԿՈՒՄ

21.06.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԻՏԱԿՈՒՄ
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը Լոռու մարզի Սպիտակ քաղաքում նշանավորվեց արևային ֆոտովոլտայիկ կայանի բացման արարողությամբ: 43,5 կՎտ հզորությամբ կայանը Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տանիքին տեղադրվել է Եվրոպական միության «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակում, որը էլեկտրաէներգիա կմատակարարի քաղաքապետարանին և նշված մանկապարտեզին: Ծրագիրն իրականացվում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» (Հաբիթաթ Արմենիա) հիմնադրամի կողմից՝ Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների համաֆինանսավորմամբ:
Հաբիթաթ Արմենիայի և Սպիտակի քաղաքապետարանի համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը քաղաքապետարանի հարակից տարածքում համախմբել էր Սպիտակի բնակիչներին, քաղաքապետարանի և Հաբիթաթ Արմենիայի աշխատակիցներին, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների:
Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Հաբիթաթ Արմենիայի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը, Քաղաքապետերի դաշնագրի Արևելյան գրասենյակի գլխավոր փորձագետ Արտեմ Խարազյանը, ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանը:
Գագիկ Սահակյանի խոսքով՝ Քաղաքապետերի դաշնագրին անդամակցելուց ի վեր Սպիտակում իրականացվել են էներգախնայողությանն ուղղված մի շարք ծրագրեր: «Մասնավորապես՝ Հաբիթաթ Արմենիայի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագիրը հնարավորություն կընձեռնի մինչև 2020 թվականը նվազեցնել CO2 արտանետումները շուրջ 20%-ով` օգտագործելով վերականգնվող էներգիան որպես լրացուցիչ էներգիա, ինչը կհանդիսանա կայուն զարգացման օրինակ` պահպանելով շրջակա միջավայրը, ինչպես նաև կապահովի տարեկան 15-30% էներգախնայողություն»,- նշեց Գագիկ Սահակյանը:
«Արդեն հինգերորդ տարին է՝ Հաբիթաթ Արմենիան իրականացնում է ՎԱԷՀՔ ծրագիրը, որը բավականին ծավալուն է և հարուստ գործողություններով ու գրանցված արդյունքներով: Այսօր մենք հավաքվել ենք Սպիտակ քաղաքում՝ 43,5 կՎտ հզորությամբ կառուցված արևային ֆոտովոլտայիկ կայանի բացման արարողության կապակցությամբ, որն այս տարվա գրանցված արդյունքներից առաջինն է: Հաբիթաթ Արմենիան դեռ շատ անելիքներ ունի այս ծրագրի շրջանակում, և մենք շատ ուրախ ենք, որ կարողանում ենք ինչ-որ չափով օգնել Սպիտակ համայքին դառնալ էներգակայուն»,- նշեց Հաբիթաթ Արմենիայի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:
Միջոցառման շրջանակում անցկացված ֆլոշմոբին Սպիտակի 30 երիտասարդներ մոտ 1 ժամ շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներով՝ ներկայացնելով էներգախնայողության, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի կոչեր պարունակող պաստառներ՝ վերջում միանալով բուն միջոցառմանը:
Մասնակիցների շրջանում անցկացվեց նաև վիտկորինա էներգախնայողության թեմայով, որի հաղթողները պարգևատրվեցին Հաբիթաթ Արմենիայի և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հուշանվերներով:
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Սպիտակի մշակույթի տան, Գեղարվեստի դպրոցի և Թիվ 2 մանկապարտեզի սաները:
Նշենք, որ ՎԱԷՀՔ ծրագրի շրջանակում Սպիտակի 23 բազմաբնակարան շենքերում իրականացվել են էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված շինարարական աշխատանքներ, մասնավորապես՝ փոխվել են մուտքի դռները և աստիճանավարդակների պատուհանները, կատարվել է տանիքի և նկուղի ջերմամեկուսացում, Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի լամպերը փոխարինվել են էներգախնայող LED լամպերով, նախատեսվում է մանկապարտեզը կահավորել նաև սպասք լվացող մեքենայով և էլեկտրական ջրատաքացուցիչներով: Մինչև 2019թ. դեկտեմբերը կիրականացվեն էներգաարդյունավետության բարելավման միջոցառումներ ևս 10 բազմաբնակարան շենքերում, որոնցից հինգում՝ ամբողջական ջերմամեկուսացման աշխատանքներ: Այս բոլոր գործողությունների արդյունքում հնարավոր կլինի Սպիտակի բազմաբնակարան շենքերում ապահովել մինչև 15-30 տոկոս էներգախնայողություն:



Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×