Հրդեհների առաջացման պատճառները շատ են և բազմապիսի, սկսած կայծակներից և պայթյուններից, վերջացրած էլեկտրական կարճ միացումներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտումներով և կենցաղային էլեկտրական սարքերի անսարքություններով: Բոլորին հայտնի է, թե ինչի է ընդունակ հրդեհ կոչվող չարիքը: Հաշված րոպեների ընթացքում այն կարող է մոխիր դարձնել մարդկանց ունեցվածքը` պատճառ դառնալով նյութական խոշոր կորուստների, իսկ երբեմն էլ` մարդկային զոհերի և վնասվածքների:

Բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է`
- վառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,
- նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
- որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,
- ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում,
- շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,
- ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում,
- կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ),
- արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ,
- թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) և այլն:
Բուսածածկ տարածքների հրդեհների առաջացման տարածված պատճառներից են նաև անզգուշությունը ծխելուց և երեխաների խաղալը կրակի հետ: Վերջինս տեղի է ունենում այն պատճառով, որ երեխաները մնում են առանց հսկողության, խաղում են լուցկով և այլ հրավտանգ առարկաներով` երբեմն հրդեհելով բուսածածկ տարածքները:
Ծնողները պետք է միշտ հիշեն, որ անուշադրության մատնված երեխան կարող է հրդեհի առաջացման պատճառ դառնալ, իսկ երբեմն էլ դրա անմիջական զոհ լինել:

ՀՀ օրենսդրության համաձայն արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, վարելահողերի, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում, իսկ այրելու դեպքում մեղավորները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 85.2 հոդվածով կենթարկվեն վարչական և քրեական պատասխանատվության: